Այս օրերին Ադրբեջանի Գյանջա քաղաքում ընթանում է Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիայի և բնապահպանական հարցերի հերթական նիստը: Չնայած հանձնաժողովի նախագահը կազմակերպությունում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն է, սակայն նիստը ընթանում է առանց վերջինիս մասնակցության:
Բանն այն է, որ հայաստանյան պատվիրակության ղեկավարը, մինչ հանձնաժողովի նիստը, երկու անգամ պաշտոնական նամակով դիմել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարին՝ նպատակ ունենալով Ադրբեջանից անվտանգության երաշխիքներ ստանալ այդ երկիր մեկնելու համար, սակայն ադրբեջանական կողմը նամակը թողել է անպատասխան:
Ադրբեջանը, ի դեմս ՍԾՏՀ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Ասեֆ Գաջիևի, արձագանքել է նամակին միայն հանձնաժողովի նիստի մեկնարկից հետո, երբ հայկական կողմի այցը դեպի Ադրբեջան արդեն իսկ ուշացած էր:
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ անհրաժեշտություն չկար հայկական պատվիրակությանը առանձին անվտանգության երաշխիքներ տրամադրել, քանզի Ադրբեջանը բոլորի անվտանգությունն էլ ապահովում է` ավելացնելով, որ հայկական պատվիրակությունը ցանկություն չի ունեցել մասնակցել հանձնաժողովի նիստին և փորձում է խնդիրը բարդել Ադրբեջանի վրա:
Արդյո՞ք հայաստանյան պատվիրակությունները և առհասարակ Հայաստանի քաղաքացիները լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստանալու խնդիր ունեն՝ Բաքու մեկնելիս: Պատասխանը միանշանակ է՝ այո՛: Ավելին, լրացուցիչ անվտանգության երաշխիքների անհրաժեշտություն ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այն երկրների քաղաքացիները, ում ազգանունը վերջանում է «յան»-ով կամ տարբեր պատճառներով այցելել են Արցախ:
Մի երկիր, որտեղ պաշտոնական մակարդակով հայատյացության տոտալ քարոզչություն է իրականացվում, երկիր, որտեղ հային սպանելը, բառիս բուն իմաստով, հերոսություն է դիտվում, երկիր, որը հաշվեհարդար է տեսնում ռազմագերիների նկատմամբ, ամեն ինչի ընդունակ է:
Հայկական կողմի՝ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ պաշտոնական նամակին չպատասխանելը ոչ այլ ինչ է, քան անվտանգության երաշխիքների չտրամադրում, ինչի արդյունքում ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը հնարավորություն չունեցավ մասնակցելու համապատասխան հանձնաժողովի կարևոր նիստին:
Այս ամենից զատ, Գյանջայում տեղի ունեցող հանձնաժողովի նիստը ևս մեկ առանձնահատկություն ունի. տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի ընտրություն: Անշուշտ ադրբեջանական կողմը ցանկացել է այս խնդիրը լուծել ամենահեշտ ճանապարհով՝ ամեն ինչ անել հայկական պատվիրակության մուտքը Ադրբեջան կանխելու համար, ինչն ավտոմատ կերպով հայկական կողմից զրկել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում ուղղակի ու անուղղակի մասնակցությունից:
Մեկ հավելում ևս. ադրբեջանցի պատվիրակը նաև նշել է, թե իրենք առանց անվտանգության երաշխիքներ պահանջելու մասնակցել են Հայաստանում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ-ի նիստին՝ փորձելով ցույց տալ, թե նման հարցերը առանց նմանատիպ երաշխիքների են կարգավորվում: Սակայն դրանով ադրբեջանցի պատգամավորը միամտաբար խոստովանել է, որ իրենց երկրում կա գիտակցումն այն բանի, որ Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, թշնամության սերմանման քաղաքականություն չի իրականացվում, և որ Հայաստանում ժողովրդին պատրաստում են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:
Ֆեյսբուք