«Կամ հեղափոխություն է, կամ ոչ, կամ հղի ես, կամ ոչ։ Ընդդիմության կիրթը ո՞րն է, պայքարը պետք է կոպիտ լինի, ոչ թե՝ բարև, կարմիր արև»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Ըստ նրա` Րաֆֆի Հովհաննիսյանի այս գործելակերպն առնվազն անըմբռնելի է: Իսկ այս հակաիշխանական շարժման մեղավորը, ըստ նրա, հենց իշխանություններն են. սա ուշ, թե շուտ պիտի լիներ, ընդամենը` ժամանակի խնդիր էր:
Տիգրան Կարապետյանը վստահ է, որ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին պակասեց, երբ պայքարին միացավ նաև ՀՅԴ-ն: Ժողովրդական կուսակցության ղեկավարի կարծիքով Ռուսաստանը Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարում վտանգ է տեսնում, քանի որ այդ բարի կերպարի հետևում Արևմուտքն է կանգնած:
Չնայած Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ զրուցեց քաղաքական թեմայով, այնուամենայնիվ հայտարարեց իր` քաղաքականությունից հեռանալու մասին: Նա նաև չբացառեց, որ իրեն կարող են տեսնել «Ազատության» հրապարակում` Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելիս, քանի որ հրապարակում ժողովուրդն է: