ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի արդյունքում Հայաստանի սահմանը լքելիս Բավրայի անցակետում վնասազերծել են Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Սահակյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով սպանություն և սպանության փորձ կատարելու մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պարզվել էր, որ սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է, իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։
Ոստիկաններն ու քննիչներն պարզել էին սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է։
Պարզվել էր նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի։
Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


