Դերասանուհի Անի Քոչարյանի անունը շատերին է հայտնի «Կյանքի կարուսել» հեռուստանովելից, «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալից, իսկ այժմ նկարահանվում է «Երեք կյանք» հեռուստասերիալում: Դերասանուհու հետ զրուցել է ASEKOSE.am-ի թղթակիցը:
- Ո՞վ է Ձեզ համար դերասանը:
- Մեզ մոտ՝ Հայաստանում խենթ նվիրյալ
- Լինելով տաղանդավոր մարդ, ինչպե՞ս որոշվեց Ձեր դերասանական ճակատագիրը:
-Շատ շնորհակալ եմ, որ ինձ համարում եք տաղանդավոր մարդ, և ես կարծում եմ, որ տաղանդավոր են եղել մեր մեծերը, իմ մասին այդպես չեմ մտածում: Իսկ ինչ վերաբերում է ճակատագրին, յուրաքանչյուրիս ճակատագիրը որոշվում է ի վերուստ:
-Եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ:
-Էլի՛ դերասանուհի…..(ժպտում է):
-Ավելի հաճույքով խաղում եք ներկայացումներում, թ՞ե սերիալներում:
-Գիտեք, երկու դեպքում էլ ես հաճույքով եմ խաղում, հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը, ուղղակի տարբերությունն այն է, որ թատրոնում կենդանի վիճակ է, այսինքն անմիջապես շփումն է հանդիսատեսի հետ, և բեմը մի փոքր բարձր է ամեն ինչից, իսկ էկրանից այն կողմ անկենդան է պարզապես:
-Որպես մայր, որպես հայ կին, ի՞նչպիսին է Անի Քոչարյանը ընտանիքում:
-Ինչպես որ բոլոր մայրերն ու հայ կանայք: Ես չեմ առանձնացնում ինձ որևէ մեկից:
-Ընտանիքը փոքր պետություն է, պետությունը` մեծ ընտանիք: Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:
-Ընտանիքը ինձ համար ապրելուս իմաստն է, ինչի համար ես ապրում եմ, ու ինչն ինձ համար ամենակարևորն է աշխարհում:
-Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:
-Սեր, միայն ու միայն սեր... և գիտակցում, որ գնահատված ես:
-Ձեզ ոգևորո՞ւմ է ժամանակակից հայ կնոջ կերպարը: Ինչպիսի՞ն է 21-րդ դարի հայ կնոջ Ձեր կատարելատիպը:
-Այո ոգևորում է, քանի որ այժմ կանայք սկսել են մտածել մի փոքր իրենց մասին, փորձում են ավելի հեշտ ապրել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ինձ համար ժամանակաշրջանը նշանակություն չունի, բոլորովին չեմ հետևում այդ նորաձևություններին և շատ ուրախ եմ, որ հայ կինը փորձում է ապրել երբեմն ինքն իր համար:
-Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ կին: Ի՞նչն է նպաստել կյանքում մեծ կամ փոքր հաջողություններ արձանագրելուն:
-Ես ինձ համարում եմ հաջողակ կին, և իմ մարդկային տեսակն է նպաստել երևի թե հաջողություններ արձանագրելուն:
- Ձեր կերպարների հետ երբևէ նույնացրել եք Ձեր անձը: Եվ ի՞նչ կասեք Ձեր բացասական կերպարների մասին, որոնք խաղում եք:
-Ես ո՛չ, հանդիսատեսն ու հեռուստադիտողը՝ շատ: Ես այն չեմ, ինչ խաղում եմ, լրիվ ուրիշ մարդ եմ: Եվ քանի որ մեր շրջապատում շատ են այդպիսի բացասական մարդիկ, ինչու ոչ, նրանց էլ պետք է մարմնավորել: Ես ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, չեմ դժգոհում իմ բացասական կերպարների համար, և ես կարողանում եմ իմ խաղով մարդկանց համոզել, որ դա ես եմ, որի համար ես շատ ուրախ եմ, ու դա ինձ օգուտ է: Դերասանը պետք է խաղա ցանկացած կերպար:
-Երբևէ քննադատել ե՞ք սերիալները:
-Երբևե չեմ քննադատել սերիալները, քանի որ դրանք մեզանում անհրաժեշտություն են: Թող դրանք լինեն դատիարակչական, թող լինի և՛ բացասականը, և՛ դրականը, որպեսզի մարդիկ դիտելով` օգուտ քաղեն դրանից, ու վատը տեսնելով՝ չլինեն այդպիսին: Դրանից զատ` սերիալները դերասաններին աշխատանքով են ապահովում. միայն թատրոնով ապրել անհնար է: Ես քննադատում եմ ժարգոնը, գռեհիկ և տգեղ խոսքը: Ես կամ այդ գործում, բայց ինձ հաճելի չէ լսել գռեհիկ խոսքը: Դա նպաստում է նրան, որ մարդիկ վատ կարծիք կազմեն սերիալների մասին: Ես այժմ խաղում եմ մի սերիալում, որտեղ պահպանված են այդ նորմերը, չկա գռեհիկ խոսք, այնտեղ կա չարի և բարու համադրություն: Շատ տհաճ է: Եվ պետք է ասեմ` որտեղ ես խաղացել եմ, չի եղել նման խոսք:
- Ձեր բնավորության մեջ ի՞նչը կցանկանայիք փոխել…
-Ոչինչ չեմ փոխի, քանի որ ես սիրում եմ իմ բնավորության բոլոր գծերը, նույնիսկ բացասականը, նրանք երբեմն ինձ օգնում են:
-Ձեր մասին լսած ամենահետաքրքիր ասեկոսեն ո՞րն է եղել:
-Ամանորից հետո ինձ հյուր էին եկել «Տնից-տուն» հաղորդաշարից: Հաղորդավարուհին ներկայացրել էր իմ մարդկային ու կանացի տեսակը, որ իմ տանը ամեն ինչ իր տեղը պետք է լինի, մաքուր, ու թե ինչպես եմ հասցնում ամանորին մաքրություն անել: Հաղորդման մեկնաբանություններում կարդացի, ինչ-որ մեկը գրել էր, «դե կնիկ է էլի, տները մաքրել է, ի՞նչ եք ընկել իրա մաքրության հետևից ու քննարկում, բա նոր տարու օրով է՞լ չմաքրեր տները»: Ես դա կարդալով՝ լիաթոք ծիծաղեցի ու դրական լիցքեր ստացա:
-«Կյանքի կարուսելը» պտտվո՞ւմ է Ձեր օգտին:
-Այո՛, ես ապրում եմ, ապրելուց ավելի հրաշալի, գեղեցիկ օգուտ չկա, որ ամեն առավոտ արթնանում ես և ընտանիքիդ տեսնում կողքիդ` դա է օգուտը:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
-Կյանքում լինեն ռեալ ցանկացած պարագայում, քննադատեն, գնահատեն, ապրեն ռեալ:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի