Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն երկուշաբթի երեկոյան նույնպես նշվեց Ֆրանսիայում մեծ շուքով անցկացվող «Բոժոլե նուվոյի տոնը»:
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը դեսպանատանը հավաքված հյուրերին ներկայացրեց «Բոժելե նուվո» (նոր բոժոլե) գինին եւ այդ գինու «գալուստը» նշելու հետ կապված ավանդույթը:

Արդեն ավելի քան 150 տարի շարունակ նոյեմբերի 3-րդ հինգշաբթին Ֆրանսիայում, հատկապես Բուրգունդիայում, որտեղ գտնվում է Բոժոլե շրջանը, վերածվում է իսկական գինարբուքի: Իսկ նոր գինու գալուստը նշելու ավանդույթը շատ հետաքրքիր է:
Բանն այն է, որ բոժոլե գինին ստացվում «գամե» տեսակի խաղողից, այդ ոչ շատ բարձրակարգ գինին շատ արագ է հասունանում եւ շատ արագ էլ շարքից դուրս է գալիս: Այդ իսկ պատճառով, 19-րդ դարի կեսերին բուրգունդացի գինեգործները, ցուցաբերելով ստեղծագործ միտք եւ ձեռներեցություն, որոշեցին մեծ արշավ սկսել` աշնան կեսերին նշելով տարվա «առաջին գինու» գալուստը, որը համընկնում էր սուրբ Մարտինի տոնի հետ:
Այդպես, «բոժոլե նուվոն», որ կարող է պահվել ոչ ավելի, քան կես տարի` հաջորդ տարվա մարտին այն արդեն բանի պետք չի լինի, ստացավ իր տոնը, որի շնորհիվ նոյեմբերի վերջին գրեթե ամբողջովին վաճառված էր լինում:
«Բոժոլե նուվոն», քանի որ վաճառքի է հանվում ֆերմենտացիայի ավարտից անմիջապես հետո, բոլորովին զերծ է հասուն գինիներին հատուկ տտիպությունից, շատ թեթեւ է, շատ կենդանի եւ մրգաբույր, նրանում գրեթե չկան տանիններ (գինուն տտիպություն տվող նյութեր), թափանցիկ կարմիր գույն ունի եւ ի տարբերություն այլ կարմիր գինիների, խմում են ոչ թե սենյակային ջերմաստիճանի հասցրած, այլ մինչեւ 13 աստիճան սառեցրած վիճակում:


