Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին:
Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով:
Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ:
Անդրադառնալով Arc Publications-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Հանդիպումից հետո տված հարցազրույցում Բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդն ասում է.
«Հիանալի էր գալ այստեղ ու հանդիպել նախագահի հետ: Նա մեծապես հետաքրքրված է մեր գործունեությամբ, այս իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք: Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու նրա (խմբ.- Ռազմիկ Դավոյանի) վերջին գիրքն անգլերենով՝ «Ռեքվիեմ»-ը: Այն առաջին անգամ հրատարակվել է 50 տարի առաջ: Այս տարի լրանում է առաջին հրատարակման 50-րդ տարին, սակայն այս հրատարակությունը գրքի լրամշակված և երկլեզու տարբերակն է:

Այն ավելի կարճ է, սակայն հարմարեցված մեր օրերի պահանջներին ու մասնավորապես անգլալեզու հանրությանը: Մենք հուսով ենք, որ այս գրքի շնորհիվ Ցեղասպանությունն ու հայերի պատմությունն ավելի լայն ճանաչում կունենան և կհարգվեն ըստ արժանվույն: Այս երեկո մենք գրքի շնորհանդեսն ենք ունենալու: Հուսով եմ, որ կրկին հետ կվերադառնանք՝ այս անգամ ուրիշ նախագծով: Մենք սիրում ենք Հայաստանը, սա մեր երրորդ այցն է: Մենք երախտապարտ ենք հայերին այն ամենի համար, ինչ նրանք արել են»:
Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաև Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնահարցերի շուրջ: Հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում:
Կարդացեք նաև՝ Ռազմիկ Դավոյան. Այն ինչ կատարյալ չէ, ընդհանրապես չարժե մատուցել


