▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուջե ոչ միայն գումար չի մտնում, այլ փաստացի դուրս է գալիս. Մարտիրոսյանն ահազանգում է

Հայաստանում ամենամեծ հարկատուն սմարթֆոն ներմուծողն է։ Փաստացի ստացվում է, որ հարկեր են մուտքագրվում հայկական բյուջե, սակայն իրականում այստեղ բոլորովին այլ պատկեր է։ Այս մասին հայտարարել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայաստանը սկսեց ահռելի քանակությամբ ներմուծել ոչ միայն հեռախոսներ, այլև լվացքի մեքենաներ, սառնարաններ, հեռուստացույցներ և այլ ապրանքներ։ Թե ինչու, բոլորս էլ լավ հասկանում ենք. դրանց մեծ մասը մտնում է Հայաստան, ապա գնում Ռուսաստանի Դաշնություն, որովհետև այնտեղ սանկցիաներ են գործում։ Կարող է թվալ, թե դա լավ է, որովհետև Հայաստանին այդ ընթացքում գումար է մնում, բայց երբ խորանում ես, իրականությունը բոլորովին այլ է։

Առաջինը՝ մաքսային տուրքերն ու վճարներն են։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և երբ ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից ապրանք է մտնում Հայաստան կամ ԵԱՏՄ մյուս երկրներ, այդ բոլոր մաքսային վճարները կուտակվում են ընդհանուր ֆոնդում, ապա վերաբաշխվում անդամ երկրների միջև։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի ֆիքսված տոկոս, որը որոշում է, թե ընդհանուր մաքսային վճարներից որքանն է ստանալու»,- ասել է Մարտիրոսյանը։
ԵԱՏՄ կանոնների հետևանքով Հայաստանը մինուսով է աշխատում. կարծում է Մարտիրոսյանը

Նրա խոսքով՝ Հայաստանի բաժինը ժամանակին հաշվարկվել է 1,22 տոկոս, այսինքն՝ ԵԱՏՄ տարածք ներմուծվող բոլոր ապրանքների մաքսային վճարներից Հայաստանին բաժին է հասնում 1,22 տոկոսը։

«Դա, երևի, ձեռնտու էր, երբ Հայաստանը ներմուծում էր միայն իր համար նախատեսված ապրանքը։ Հիմա, սակայն, ստացվում է, որ Հայաստան է մտնում ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստան գնացող ապրանքը, և Հայաստանը հիմա ավելի շատ է վճարում այդ ընդհանուր «կաթսայի» մեջ, քան հետո ստանում է հետ։ Այսինքն՝ փաստացի Հայաստանը մինուսով է աշխատում. մոտավորապես երկու անգամ ավելի շատ է վճարում. օրինակ՝ 300 միլիոն է վճարում, իսկ հետ ստանում է ընդամենը 150-160 միլիոն։

Իսկ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դեպքում, որը ամենախոշոր մասնաբաժինն է կազմում, իրավիճակն ավելի հետաքրքիր է։ Ապրանքը դրսից մտնում է Հայաստան, ներմուծող ընկերությունը 20 տոկոս ԱԱՀ-ն վճարում է Հայաստանի բյուջե։ Այդպես էլ կմնար, եթե ապրանքը նախատեսված լիներ Հայաստանի համար։ Սակայն դրա մեծ մասը հետագայում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Մեկ այլ ընկերություն գնում է այդ ապրանքը, այն վաճառվում է Ռուսաստանում, և գործող օրենսդրության համաձայն՝ կատարվում են վերահաշվարկներ, որոնց արդյունքում Հայաստանի բյուջեից ԱԱՀ-ն վերադարձվում է ներմուծող ընկերությանը։

Այսինքն՝ թղթի վրա երևում է, որ բյուջե մեծ գումար է մուտքագրվել, բայց իրականում դա Հայաստանի բյուջեին տրամադրված կարճաժամկետ վարկի նման մի բան է. գումարը մտնում է բյուջե, հետո, երբ Ռուսաստանում վճարումները կատարվում են, նույն գումարը դուրս է գրվում բյուջեից։ Արդյունքում, ԵԱՏՄ-ում գործող կանոնների և գործընթացների պայմաններում այս ահռելի ապրանքահոսքերի պատճառով ոչ միայն բյուջե լրացուցիչ գումար չի մնում, այլ նույնիսկ գումար է դուրս գալիս»,- ասել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее