▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր տեխնիկայի կուտակումներ սահմանագծին

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով իրականացված դիվերսիոն գործողությունների, օդ բարձրացված և սահմանագծի ադրբեջանական հատվածում թռիչքներ իրականացնող ադրբեջանական ռազմական ինքնաթիռների գործողությունների ֆոնին, դեռ շաբաթներ առաջ, լրատվամիջոցներում սկսեցին ինտենսիվ տեղեկություններ շրջանառվել, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին:


Տեխնիկայի կուտակումների մասին ինֆորմացիան շրջանառության մեջ դրվեց հունվարի 3-րդ տանսօրյակում` թուրքական լրատվամիջոցների կողմից: Ավելի ուշ, ԼՂՀ ՊԲ Լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հաստատեց փաստը, նշելով, որ «Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել»:
Փետրվարի սկզբին սպասվելիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ու փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկվող օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, երբ ողջ աշխարհում «օլիմպիական հրադադար» հայտարարվեց, Ադրբեջանի ՊՆ-ն սկսեց կտրուկ հերքել առաջնագծում ծանր տեխնիկայի առկայության հարցը:
Փետրվարի 8-ին, Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի` մարտական դիրքեր մեկնելու մասին: Ի թիվս այցի այլ դետալների, հաղորդագրությունում նշվում էր, որ «նախարարն առաջնագծում ծանոթացել է ծանր տեխնիկայի մարտական պատրաստությանը և դրա հնարավորություններին»: Ադրբեջանի ՊՆ-ն փաստացի հաստատել է այն, ինչն օրեր շարունակ հերքում էր:
Սակայն այս հաղորդագրությունից 2 օր անց` փետրվարի 10-ին, ադրբեջանական «Մինվալ.ազ» լրատվական կայքը տպագրել է ՊՆ-ին ուղղված հարցուպատասխանը, որում Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է «առաջնագծում տանկերի կուտակումների մասին տեղեկատվությունը»:
Ճիշտ է` առաջին հայացքից թվում է, թե Ադրբեջանը փորձում է վերջնականապես պարզաբանում մտցնել ծանր տեխնիկայի` առաջնագծում կուտակելու հարցում, սակայն ստացվում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է միայն տանկերի առկայության փաստը, իսկ փետրվարի 8­-ին, Ադրբեջանն արդեն իսկ պաշտոնապես հաստատել է առաջնագծում ծանր տեխնիկայի այլ միջոցների առկայության մասին:
Ծանր տեխնիկայի կուտակումը դեռ չի նշանակում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կտրուկ աճ, սակայն դրանց առկայությունը շփման գծում ենթադրում է լրացուցիչ լարվածության աճ կամ նվազագույնը առկա անկայուն իրավիճակի պահպանում: 

 

 

Տիգրան Աբրահամյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее