«6-րդ գումարման ԱԺ-ն ոչնչով չի տարբերվելու նախորդ ԱԺ-ից՝ միայն 6 խմբակցության փոխարեն 4 խմբակցություն է, իսկ 131 պատգամավորի փոխարեն՝ 105»,-համոզված է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ունենք այն, ինչ ունենք: Ռեյտինգային թեկնածուները որևէ կապ չունեն քաղաքական դաշտի, քաղաքական կերպարի հետ»,-նշեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է նոր խորհրդարանում երդմանը չմասնակցած պատգամավորներին՝(«Ելք») Կարեն Քոչարյանը նկատեց.
«Դա ձևական է: Ի՞նչ է, երդվողները մի հատ էլ ասել են պապայի արև՞: Մեկը լեզուն է կծել, մյուսն էլ խաչ է արել: 25 տարի է՝ այդպես ենք ապրել, դրա համար էլ այս վիճակում ենք»:
Շարունակելով վերջինին՝ քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը նշեց.
«Այդ երդումը ծիսակատարություն է: Լինում է սովորույթ, որը դառնում է ավանդույթ, որից ծնվում է ծեսը, իսկ մենք միայն ծեսն ենք կիրառում, որը դառնում է կապիկություն: Պետք է հասկանանք՝ երդման ժամանակ ասվող տեքստով մենք ապրե՞լ ենք, իհարկե՝ ոչ: Գլենդեյլում, օրինակ, երբ ավագանին հավաքվում է, ամեն առավոտ դրոշի առջև երդվում, ապա նիստը սկսում են»:
Կարո՞ղ են «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը տանել ընդդիմադիրի բեռը, Վիգեն Խաչատրյանը նկատեց.
«Բայց բեռը տանելու համար ընդդիմադիր պետք է լինես»:
Կարեն Քոչարյանն էլ, թե «Ծառուկյան» դաշինքի երեկվա քվեարկությունն այլ բան ցույց տվեց:
«Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող քվեարկել իշխանական կուսակցության թեկնածուի օգտին, իսկ երեկ 88 հոգի քվեարկեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի օգտին: Այս պահի դրությամբ «Ելք»-ն է ընդդիմադիր»:
Անի Կարապետյան