«Որոշ քաղաքական ուժերի անզորությունը ջրի երես է գալիս, երբ նրանք պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումն արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դիվանագիտությունը «մոտավորապես» սկզբունքով չի կարող երկար գործել…»՝ հատված Խորհրդային պետության առաջին նախարար Չիչերինի ելույթից: Հարգելի´ իմ մշտական ընթերցողներ, չգիտես թե ինչու, բայց երբ հետևում էի, թե ինչպես է արձագանքում ԲՀԿ-ն՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հարցին, ակամայից հիշեցի վերոհիշյալ լեգենդար դիվանագետ Չիչերինի այս ելույթը, միգուցե դա նրանից է, որ իր ասածը բառ առ բառ համընկնում է ԲՀԿ-ի պահվածքի և գործելու ոճի հե՞տ…: Քանի գնում եմ համոզվում եմ, որ միջազգային չափանիշներով գոյություն չունեցող, սակայն ԲՀԿ-ի համար առանցք հանդիսացող «այլընտրանքային» գործելաոճը, ոչ այլ ինչ է, քան ժողովրդական լեզվով ասած՝ «կռուտիտ» լինելու հնարավորություն: Մինչ Սերժ Սարգսյանի պատմական այս որոշումը, բոլորիս մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծված, որ նույնիսկ, եթե ՀՀ-ում առկա բոլոր քաղաքական ուժերը դեմ լինեին եվրասիական միությանը անդամակցելուն, ապա միայն ԲՀԿ-ն հերիք էր, որպեսզի այս հարցը մնար քաղաքական օրակարգում: Այդպիսի տպավորությունները մեզ մոտ հենց այնպես չէին ի հայտ եկել, դա արդյունք էր ԲՀԿ-ի որոշ կարկառուն ներկայացուցիչների բազմաթիվ գրառումների և ելույթների, որտեղ նրանք, գործի դնելով «հաճոյախոսության» բոլոր հնարքներն, ապացույցում էին Մաքսային միության յուրահատկությունների նշանակությունը…: Երբ ես լսում եմ, որ ԲՀԿ-ում երկու իրար հակասող թև կա, դա ինձ մոտ ժպիտ է առաջացնում, քանի որ իրականում դա այդպես չէ, այս շեղող տեղեկատվությունը միայն ձեռնտու է ԲՀԿ-ին, որովհետև նրանք այսպես հնարավորություն են ստանում մի թեմայի շուրջ արտահայտել երկու տարբեր կարծիք և արդյունքում՝ երկու դեպքում էլ ճիշտ դուրս գալ, որ տարբերակն էլ, որ աշխատի, կասեն դա ԲՀԿ-ի դիրքորոշումն էր: Մոդայից դուրս եկած այս հնարքով նրանք փորձում են միշտ ակտուալ լինել, սակայն հայ ժողովուրդը գենետիկորեն օժտված է ինտելեկտով, և նա լավ հասկանում է և տարբերում «ֆալշը» օրիգինալից: Որպեսզի ավելի համոզիչ լինեմ, բերեմ օրինակ` մամուլում տեղ գտած վերջին գրառումներից, -«ԲՀԿ-ում վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները և Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին կատարած տիտանական աշխատանքը ցուցադրելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Մոսկվայում այդ որոշումը հնչեցնելու հաջորդ իսկ օրը հայտարարել էր,- «Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում` ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ»»: Հարգելի Վահեն այդ հնչեցնելուց առաջ երևի մոռացել է, որ հենց այդ օրերին Ծառուկյանը մասնակցել է ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողների և դասախոսների համատեղ հանրահավաքին, որտեղ ավելորդ անգամ առիթից օգտվելով արտահայտել է իր «անսահման սիրալիր վերաբերմունքն ուղղված Ռուսաստանին…»: …Ո՞ւմ եք «խաբում» այս շեղումներով, չէ որ մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Ձեր «անձեռնմխելիության» ակունքները Հայաստանում չեն, այլ…: Այս ամբողջ պատմության մեջ զավեշտալին այն է, որ ԲՀԿ-ական մամուլն` իր բացերը թողած, ժամանակ է գտնում, «քլնգելու» այլ քաղաքական ուժերի…, ժամանակ են գտնում, որպեսզի հոդվածներ գրել նմանատիպ վերնագրերով,-«Նրանք մարտնչում են հանուն «պետականության»: Այստեղ կցանկայի մի պահ կանգ առնել և հոդվածի հեղինակին ասել, այո´, Դուք Ճիշտ եք, երբ ասում եք, որ
«… ամենակրիտիկական պահին, երբ անհրաժեշտ է լինում համոզիչ ու պաթետիկ հիմնավորում ներկայացնել հանրությանը…., իմ կողմից էլ կարող եմ ավելացնել, այո, երբ անհրաժեշտ է լինում համոզիչ ու պաթետիկ հիմնավորում ներկայացնել հանրությանը ԲՀԿ-ն միշտ «այլընտրանքային կռուտիտ» է լինում:
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…:
Կարեն Թումանյան