Մամուլում այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին մի հրապարակման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հետևյալ գրառումն է կատարել.
«Այսօր կրկին ականատեսն ենք լրագրության` հիմնված բամբասանքների ու հերյուրանքների վրա։
Տեղեկատվության աղբյուրները չբացահայտելու կանոնը միտված է դարձնել ԶԼՄ-ներին ավելի ուժեղ ու օժանդակել բազմակարծության վրա հիմնված հասարակության հարատևմանը։ Ցավալի է տեսնել, ինչպես այսօր որոշ անհատներ, շահարկելով այս հանգամանքը, թաքնվում են այս իրավունքների ետևում ու համառորեն շարունակում իրենց խառնակիչ գործունեությունը։
Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը ու բարեպաշտ ժողովրդին` չտրվելու գայթակղությանը, ավելին` մերժելու կեղծիքը ու սուտը: Սուտ լուրերը մեծ ավեր են գործում մարդկանց հոգիներում»։


