▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ հրահանգել են, որ չպատասխանե՞ք հարցերին»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՌՈ ենթասպային

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, դիմելով ենթասպա Ապրեսյանին, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ռազմական ոստիկանությունն այստեղ, ի՞նչ ծառայություն են իրականացնում։ «Ներողություն եմ հայտնում, բայց ոչ մի հարցի չեմ պատրաստվում պատասխանել»,- ասաց ենթասպան։ «Պարզաբանումներ եմ խնդրում, ի՞նչ ա նշանակում՝ չեմ պատասխանելու։ Ձեզ հրահանգել են, որ չպատասխանե՞ք հարցերին»,- շարունակեց պատգամավորը։ «Ոչ, չեմ պատասխանելու, չեմ ուզում պատասխանել»,- արձագանքեց Ապրեսյանը։

***

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այսօր վաղ առավոտից գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ գտնվում ենք Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացնում։ Մոտենալով վերջիններիս՝ պահանջել եմ պարզաբանում, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց ներկայությունը եկեղեցու մերձակայքում։
Աշխատակիցները խնդրեցին, որպեսզի պարզաբանումների համար դիմեմ իրենց վերադասին։ Փորձեցի կապ հաստատել ռազմական ոստիկանության պետի և պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ, բայց զանգերս մնացին անպատասխան։
Տեղեկացա, որ ՊՆ֊ից փոխանցել են լրատվամիջոցներին, թե իբր ամեն ինչ նորմալ է, և որ ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերի տարածքում իրականացնում են բնականոն ծառայություն։ Փաստորեն, եկեղեցին այս իշխանությունների ընկալումներում կարող է լինել զորամաս։
Հավատավոր ժողովուրդը, որը չի դադարում այցելել Ս․ Աստվածածին, ապշած է, թե ինչ գործ ունի ռազմական ոստիկանությունը եկեղեցու տարածքում։
Չի բացառվում, որ ինչպես Հովհաննավանքը բռնագրավվեց սրանց կողմից, այդպես էլ փորձ է արվում «սեփականացնելու»
Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ֊ի միջոցով։
Ակնհայտ է, որ սա կապված է փետրվարի մեկից զինված ուժերում հոգևոր ծառայության կարգը փոփոխելու որոշման հետ, որի համաձայն կդադարեցվի Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։
Ըստ էության, Սուրեն Պապիկյանը երեկ ստորագրել է մի ապօրինի հրամանագիր, որով վերացվում է գնդերեցների գունդը։
Սա հերթական հարվածն է ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Արդեն ութ տարի է, ինչ սրանք բոլոր ճղճիմ և ապօրինի միջոցներով փորձում են խարխլել 1700-ամյա ազգային և հոգևոր ինստիտուտի հիմքերը։
Սա ձեր դեմ է աշխատելու, չե՛ք հաջողելու։ Հայ Առաքելական եկեղեցին այս փորձությունն էլ է հաղթահարելու։ Վստահ եմ, որ հավատավոր ժողովուրդը վաղն այստեղ մասնակցելով Սուրբ Պատարագին՝ իր ներկայությամբ պաշտպանելու է Սուրբ Աստվածածինը»։

***

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` արձագանքելով Տեր Պսակ քահանայի հայտարարությանը։
Հոգևորականն այսօր հայտնել էր, որ ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, և հավելել` ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,- նշել է Թորոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее