|

«Այսօր Ծաղկազարդ է: Հիսուսն այսօր հեզ ու խոնարհ, ավանակի վրա նստած, մտավ Երուսաղեմ և ժողովուրդը, մասնավորապես մանուկները, նրան կոչեցին Դավթի որդի, ասել է թե` իրական արքա: Երուսաղեմ մտնելուն պես նա բարձրանում է Սողոմոնի տաճար և մաքրում այն առևտրականներից, ինչն էլ, ըստ էության, իր մահապատժի գլխավոր պատճառն էր: Տաճարի քահանաները կարող էին հանդուրժել իրենց իշխանությանը ոտնձգող մեկին, բայց իրենց փողին ոտնձգություն` չհանդուրժեցին: Բնական է Հիսուսը դա գիտեր:
Մաթևոսը 21:12-13-ում նկարագրում է Հիսուսի գործողություններն ու շեշտում, որ առևտրականների ու վաշխառուների հետ մեկտեղ դուրս են շպրտվում նաև, օրինակ, աղավնի վաճառողները: Աղավնիներն աղքատների «մատաղն» էին: Ով փող չուներ գառ մորթելու, աղավնի էր գնում ու բաց թողնում: Քանի որ աղավնին ավելի փոքր է ու բազմակի օգտագործման «մատաղ» է, գինն էլ հետևաբար ցածր էր: Առանձին շեշտված է նաև, որ տաճարի քրմերը, շահագործելով այրի կանանց վիշտը, վերջիններիս հաշվին գումար էին վաստակում:
Հիմա նայում եմ ծաղկազարդի առիթով իրար շնորհավորող իբր թե հավատացյալ հայությանը մի կողմից, աղավնի վաճառող ու ԳՆՈՂ հայությանը մյուս կողմից ու, որդեկորույս մայրերին քաղաքական բառիգության առարկա դարձրած «քրմերին» երրորդ կողմից, ու հասկանում եմ, որ վաղը՝ ավագ երկուշաբթի օրը, մենք պետք է անիծվենք, կոտորվենք ու սփռվենք աշխարհով մեկ, այնպես, ինչպես դա եղավ` Հիսուսին չընդունած հրեաների հետ: Դա պետք է լինի բառացիորեն վաղը, երբ Հիսուսը կանիծի հիշյալ հրեաներին խորհրդանշող թզենին, որն այլևս երբեք պտուղ չի տա:
Ու եթե ձեզ թվում է, որ հավիտենական անեծքն այս ազգի համար չափազանց դաժան պատիժ է, նկատի ունեցեք, որ երկու շաբաթ առաջ Փարուխում տիրող իրավիճակի մասին ռուսների հորինած կեղծիքները մեծ խանդավառությամբ տարածող սրիկաները հիմա ամեն քայլափոխին Արցախի դրոշ են տնկում ու շարունակում են համառորեն լռել` հակառակորդին հանձնված Փարուխի մասին: Էս սրիկաների դեմ են պայքարում էն սրիկաները, որ մինչև օրս պիկապի փող են հավաքում, որ Արցախը փրկեն` հետն էլ Ուտիքը, Ղարսը և այլն... Մինչդեռ բնակչության մնացած 95%-ի բացարձակ վեջին չեն` ոչ Արցախը, ոչ Ղարսը, ոչ էլ դրանց դրոշները:
Էս 95%-ի համար մեր մեծարգո հայրապետ Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր: Բնական է, որ օրհնվող մանուկներն ու հիմնականում հղի կնանիք նույնիսկ մոտավոր գաղափար չունեն, թե ինչ կապ ունի Հիսուսի մուտքը Երուսաղեմ իրենց սեռական կյանքի արդյունքների հետ: Բայց քանի որ օրհնություններ հավաքելն իրան հարգող հայ մարդու համար ՕՎԻՐ գնալու ու պահանջվող պեչատը ստանալու պես բան է, ձեռի հետ գնում ստանում են: Սա հիմնականում արվում է նրա համար, որ ամեն մի տականք ամբողջ կյանքում ստորություններ անի, բայց հավատա, որ փրկվելու ա, քանի որ քահանան իրեն օրենքով սահմանված կարգով օրհնել է, նա էլ համապատասխան քանակի մոմեր է վառել, աղունիկներ բաց թողել ու նույնիսկ գառ մորթել: Թե ինչ է Հիսուսը ասել այս ամենի մասին հենց այսօր, կրկնում եմ, իրենց վեջին չի:
Ասում եմ ձեզ՝ կոտորվելու եք, տարբերակ չկա: Ուղղակի, քանի որ Սերժ Սարգսյանը պնդում է, որ մոտ ապագայում պատերազմ չի լինելու, այս աստվածահաճո գործը պետք է իր վրա վերցնի մի հավատացյալ ու հայրենասեր հայ մարդ: Ուրիշ կերպ մեր մեղքերը դժվար քավվեն:
Շնորհավոր»:
|