▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը ռիսկ չի անի մտնել Սյունիք». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գրառումը.

«Անցած տարի լրատվականների էջերը ցնցեց Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆի «արտահոսած» հարցազրույցը, որտեղ նա պնդում էր, որ միջուկային գործարքի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է: Իրանի ԱԳՆ-ն Զարիֆի խոսքերը չհերքեց, բայց հայտարարեց, որ դա նախարարի անձնական կարծիքն է:

Մեկ տարի անց` այսինքն՝ այս տարվա մարտի 4-ին, երբ միջուկային ծրագրի շուրջ բանակցող բոլոր կողմերն արձանագրեցին, որ ամեն ինչ պատրաստ է գործարքի կնքմանը, Մոսկվան նորից խափանեց գործընթացը` ինչ-որ անհեթեթ գրավոր երաշխիքներ պահանջելով:

Նույն օրն Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր, արդեն հայտնի դարձած տեքստը հրապարակեց, որտեղ աջակցությունն էր հայտնել Ուկրաինային և Զելենսկուն և պնդել էր, որ այդ պատերազմը սատանիստների գործն է: Ահմադինեժադը հաճախ է հղում անում Խոմեյնիի այն խոսքերին, որ` ԱՄՆ-ն մեծ սատանան էր, իսկ ԽՍՀՄ-ը` փոքրը: Նա ակնհայտորեն մինչ օրս չի ներել ռուս «գործընկերներին», որոնք Քոչարյանի օրոք հասան նրան, որ Իրանից Հայաստան ձգվող գազատարի տրամաչափը երկու անգամ փոքրանա, որպեսզի բացառվի Հայաստանով իրանական գազի տարանցման տարբերակը: Քանի որ Եվրոպայում գազի գինն արդեն հասնում էր $3,500-ի, աշխարհի խոշորագույն գազային պաշարներն ունեցող Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները հանելու գործընթացը, ըստ երևույթի, շուտով կավարտվի: Այդ գազը Եվրոպա հասնելու երկու ճանապարհ ունի՝ Սիրիա և Հայաստան: Երկու երկրներում էլ ռուսական արգելափակիչ ռազմական բազա կա: Սիրիայում այդ բազայի հիմքերն այս պահին շատ ամուր են, իսկ Հայաստանում՝ բավականին փխրուն: Հետևաբար, Մակրոնը ոչ թե Բաշար Ասադին է կանչել Փարիզ, այլ` Նիկոլ Փաշինյանին:

Վաղը՝ մարտի 9-ին, Փաշինյանը պետք է մեկնի Փարիզ, որտեղ, ըստ ամենայնի, իր առաջ դնելու են ընտրություն՝ կա՛մ ռուսների հետ ես, կա՛մ մեր (ասել է թե՝ եվրոպացիքի):

Իրադարձությունների այս շղթայում տեղի ունեցավ միջադեպ Երասխում, որի ընթացքում սպանվեց մեր մի զինվոր: Սա էլ Մոսկվայի «հրավերն» էր Փաշինյանին, որ նա հանկարծ չմոռանա` ով է իր պապան: Այդ հարձակումը նաև հիշեցում էր Իրանին այն մասին, որ Ադրբեջանը կարող է ամեն պահին մտնել Սյունիքը, կտրել ու փակել իրանական գազի տարանցման հարցը: Ես կարող եմ արդեն կանխագուշակել նաև ռուսական կողմի ապագա անգործության արդարացումները, կասեն` եթե դուք մեզ Ուկրաինայում չեք սատարում, ինչո՞ւ ենք մենք պարտավոր սատարել ձեզ Սյունիքում:

Սակայն ես վստահ եմ, որ Ադրբեջանը ռիսկ չի անի մտնել Սյունիք: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն անընդհատ կրկնում է, որ չի հանդուրժի սիոնիստական ռեժիմն իր հյուսիսում, և որ ՀՀ սահմանները պետք է անխախտելի լինեն: «Սիոնիստական ռեժիմի» առաջխաղացումը դեպի Սյունիք միանշանակ վերջին կաթիլն է լինելու:

Հ. Գ. Իմիջիայլոց, կարո՞ղ եք գուշակել, որ երկիրն է աշխարհի ամենախոշոր գազ արտադրողը: Արդեն պիտի որ կարողանաք: Այո՛, դա, իհարկե, ԱՄՆ-ն է: Երկրորդ ու երրորդ տեղում գտնվող ՌԴ-ն ու Իրանն իրար հետ ավելի քիչ են արտադրում, քան, Խոմեյնիի ասած, մեծ Սատանան` ԱՄՆ-ն: Ո՛չ նավթի, ո՛չ գազի շուկայում ԱՄՆ-ն մրցակից չունի: Ուրիշ հարց, որ ԱՄՆ-ի ու բուն գազ ու նավթ արտադրողների շահերը կարող ա չհամընկնեն...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին