Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ միմյանց հետ վիճեցին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է ՀՀ տարածքում թվային ռադիոհեռարձակման անցնելու շրջանակում ռադիոհաճախականությունների նոր մրցույթներ հայտարարել, կարող է խախտել խոսքի ազատությունը, քանի որ Հայաստանում կան ռադիոընկերություններ, որոնք լրատվական բնույթի են, իսկ դրանց թվայնացումը կարող է խնդիրներ առաջացնել:
Իր հերթին ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը հիշեցրեց, որ սա նաեւ արվում է անվտանգության նկատառումով՝ ադրբեջանական եւ թուրքական ռադիոհաճախականությունները ՀՀ տարածքում արգելափակելու նպատակով: Այս հիմնավորումը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորեց պատեհ-անպատեհ չօգտագործել «Թուրքիա- Ադրբեջան» տերմինաբանությունը՝ որպես ընդդիմությանը հակազդելու միջոց:
«Ամեն անգամ, երբ դուք խոսեք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որը զինադադարից հետո տարածք է զիջել: Չհամաձարկվեք ամեն անգամ մեզ հիշեցնել Թուրքիայի, Ադրբեջանի մասին, հակառակ դեպքում կհիշեցնենք քառօրյա պատերազմը, Արցախն ու Հայաստանը պաշտպանելու ձեր ձախողումը, դեռեւս չի քննվել, թե ՀՀԿ-ական որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին պատշաճ պաշտպանությունը: Կոչ եմ անում մյուս անգամ մեր խմբակցության հարցերին ի պատասխան հայրենասիրական դրոշներ չբարձրացնել կոնտեքստից դուրս»,- ասաց նա:
Կարդացեք նաև՝ Քառօրյա պատերազմում Ադրբեջանը ֆիասկո ապրեց. Էդուարդ Շարմազանով