Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են դրել անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրին, որից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, դուրս գալով հուշահամալիրից, փորձել է միանգամից գնալ դեպի իր մեքենայի կայանատեղին: Սակայն, ինչպես հաղորդում է YerevanNews.am-ը, նրան թույլ չեն տվել այդ ճանապարհով իջնել, ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով: Գագիկ Ծառուկյանը դիմելով ոստիկանին ասել է . «Այ ախպեր ջան մեքենան էնտեղ ա», սակայն ի պատասխան նրան ոստիկաններն ասել են. «Կապ չունի ընկեր»:
Միջադեպի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ չի կարող ասել, թե Գագիկ Ծառուկյանի և ոստիկանների միջև ինչ է տեղի ունեցել, այլ կարող է պատմել իր հետ տեղի ունեցածի մասին: «Նման դեպք ինձ հետ է եղել: Ծիծեռնակաբերդից վերադառնալիս ոստիկաններն ինձ թույլ չտվեցին գնալ այն ճանապարհով, որով եկել էի, սակայն դրա համար որևէ բացատրություն չներկայացրին»,- ասաց Տ. Ուրիխանյանն ու ձեռնպահ մնաց այլ մեկնաբանություններից` ելնելով այն հանգամանքից, թե ինչ առիթով էին նրանք այսօր Ծիծեռնակաբերդ այցելել:
Նշենք, որ ըստ գործող կարգի` բոլոր պաշտոնյաններին թույլ են տալիս գնալ այն ճանապարհով, որով թույլ չեն տվել Գագիկ Ծառուկյանին: