▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինովնիկների նյարդերը տեղի են տալիս

Տրանսպորտային միջոցների ուղեվարձի թանկացումը հասարակության շրջանում մեծ հուզումներ է առաջացրել: Թանկացումների հերթական ալիքը ու դրա առնչությամբ հասարակության արձագանքը ցույց են տալիս, որ մարդկանց «համբերության բաժակն» արդեն լցվել է ու այս պահին կարող ենք արձանագրել, որ հասարակության ակտիվ զանգվածը այլևս չի պատրաստվում հանդուրժել ստեղծված իրավիճակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղեվարձի բարձրացման ու հասարակության վրա դրա ազդեցության մասին արդեն առիթ եղել է անդրադառնալու, փորձենք հարցին նայել մեկ այլ տեսանկյունից:
Թանկացումների հետ կապված հիմնական դժգոհությունները սկսեցին այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ գազի սակագներն այնուամենայնիվ բարձրանալու են: Գազի գների աճը բերեց նրան, որ դրան զուգահեռ բարձրացան մի շարք ապրանքների գներ, ընդ որում՝ գրանցվեցին էական թանկացումներ: Սակայն սկզբում հասարակության բողոքը հիմնականում արտահայտվում էր համացանցում և լրատվամիջոցներում, սակայն հասարակական տրանսպորտի թանկացման լուրը, կարծես այլ՝ սառը ցնցուղ էր մարդկանց համար, ինչը բերեց նրան, որ մի շարք քաղաքացիները պայքարը համացանցից տեղափոխեցին առավել արդյունավետ դաշտ՝ այս դեպքում փողոց:
Սակայն մինչև այժմ մեկ հարցի պատասխան մնացել է անհայտ. ինչո՞ւ քաղաքացիները նման կտրուկ ձևով արձագանքեցին հատկապես տրանսպորտի ուղեվարձի թանկացման, չէ՞ որ մինչև այդ բավականին շատ ապրանքատեսակներ գազի գնի բարձրացմանը զուգահեռ թանկացել էին:

Ըստ իս՝ այս հարցն ունի մի քանի հիմնական պատճառ. առաջին, հասարակության մի մեծ զանգված յուրաքանչյուր օր օգտվում է տրանսպորտից, այս տեսանկյունից, թանկացումն անմիջականորեն տարածվել է մեծ թվով մարդկանց վրա:
Երկրորդ, համապատասխան կառույցները (քաղաքապետարան, տրանսպորտի և կապի նախարարություն) պատշաճ ձևով չկարողացան հասարակության հասցնել թանկացման պատճառները, ինչը վստահության բացակայության պատճառով հանգեցրեց նման սրացումների:
Երրորդ, վերջին օրերին, այս հարցի հետ կապված քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների և մասնավորապես, տրանսպորտի վարչության պետի ու «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի պահվածքը ցույց տվեցին, որ նրանք նվազագույնն «իրենց տեղում չեն»: Որպես պատասխանատուներ՝ նրանք առիթ ունեցան իրադարձությունների կիզակետում հայտնվել, սակայն ակնհայտ է, որ քաղաքապետարանի կամ նրա ենթակայության տակ գտնվող մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ ոչ միայն չեն տիրապետում իրենց վստահված իրավասություններին, այլև, մեղմ ասած, խախտում են էթիկայի տարրական կանոնները:

Տպավորություն կա, որ քաղաքապետարանում խորապես չեն գիտակցում հասարակության նման արձագանքի պատճառները, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը չի կարող ադեկվատ արձագանքել ստեղծված իրավիճակին:

Որո՞նք են ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը. որպես կանոն՝ նմանատիպ որոշումներ կայացնելու համար համապատասխան պաշտոնյաները պետք է տիրապետեն իրադարձության կամ իրավիճակի հետ կապված ամբողջական տեղեկատվության (նաև իրավիճակի վերլուծության ձևով): Առանց լուրջ անդրադարձի էլ ակնհայտ է, որ քաղաքապետարանում իրավիճակի հետ կապված լուրջ վերլուծություն չի արվել, հնարավոր ռիսկերը չի գնահատվել:

Երկրորդ, քաղաքային տնտեսությունը բավականին բարդ համակարգ է և ենթադրվում է, որ համապատասխան պաշտոններում պետք է նշանակվեն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան փորձ ու մասնագիտական ունակություններ, ինչպես նաև՝ բարոյական տեսանկյունից կարող են աշխատել քաղաքացիների հետ: Այս առումով կադրային փոփոխություներն անհրաժեշտություն են:

Երրորդ, քաղաքապետարանը պետք է վերանայի իր հաշվարկը տրանսպորտի սակագների բարձրացման հարցում, ընդ որում՝ սակագին պետք է սահմանվի բացառապես շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո:

 

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее