Երեկ` ապրիլի 9-ին հաջորդած առաջին օրը` Հայաստանում մի տեսակ դատարկություն էր: Այնպիսի տպավորություն էր, որ կյանքը, գոնե քաղաքական կյանքը կանգ է առել: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական մասնակիցները` բացառությամբ «Ժառանգության» մեկ-երկու անդամների, կարծես ընդհատակ էին անցել: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հասարակությունը փետրվարի 18-ից հետո լսում էր բառացիորեն ամեն օր, երեկ լուռ էր: Ոչ միայն լուռ էր, այլ անգամ ստույգ հայտնի չէր նրա գտնվելու վայրը: Հատկապես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել էր, թե մեկնելու է Մոսկվա` «Պուտինի հետ խոսելու»:
Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, մեծ հաշվով, պարտվեց: Պարտվեց` չկարողանալով առաջնորդել բազմահազար քաղաքացիներին: Բայց դա նաեւ հասարակության պարտությունն էր, հասարակության առնվազն այն հատվածի, որը դժգոհ է իշխանությունից...
Հասարակության այդ հատվածն էլ ավելի է հիասթափվելու երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորությունից, որոշ մասը` արտագաղթելու է: Եվ ճակատագրի հեգնանքով վերջին քսան տարիներին հայրենադարձության խորհրդանիշ դարձած Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործունեությամբ, ավելի շատ` անգործությամբ դառնալու է Հայաստանից արտագաղթի հերթական ալիքը խթանողներից մեկը»,- գրում է «168 ժամը»։