▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասընթացին մասնակցելը երաշխիք չէ, որ երիտասարդները ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում

Հունվարի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլը։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ FAST հիմնադրամի դասընթացին մասնակցելու հայտ էին ներկայացրել ամառային զորակոչի ենթակա մոտ 400 երիտասարդներ (17-23 տարեկան)։  Ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ FAST հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը «1991 ստորաբաժանում» ստեղծելու փոխըմբռնման հուշագիրն ստորագրել են 2019 թվականի սեպտեմբերին։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն: «Նախապատրաստական դասընթացի շնորհիվ FAST հիմնադրամը ցանկանում է ամրապնդել երիտասարդների գիտելիքները տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտներում։ Դասընթացները լինելու են պարբերական մեկնարկելու են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ և տևելու են 24 շաբաթ։ Հաջորդ դասընթացը կմեկնարկի ամռանը: Չափազանց ոգևորիչ է, որ առաջին դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 400 երիտասարդ», - նշել է FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։ «ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարևորում է FAST հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացը։ Հարկ է նշել, որ դասընթացին մասնակցելը շատ կարևոր է, բայց դեռ երաշխիք չէ, որ երիտասարդները ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում։

Այդ ընդունելությունն առանձին կարգով է կազմակերպվելու։ Բացի այդ՝ բոլոր ցանկացողները կարող են նաև ինքնուրույն պատրաստվել և մասնակցել «1991 ստորաբաժանման» ընդունելության մրցույթին», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 19 հարցի պատասխանելու համար նախատեսված էր 91 րոպե։ Քննության փուլը հաղթահարած երիտասարդներին FAST հիմնադրամը կհրավիրի հարցազրույցի։ Արդյունքում մոտ 60 ապագա զինծառայողներ կմասնակցեն 6 ամիս տևողությամբ անվճար նախապատրաստական դասընթացին, որը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 29-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее