▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական դեպարտամենտի «խաչիկյաններն» ու ատկատը

ASEKOSE.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դատական կարգադրիչների ծառայությունում աշխատավարձերի յուրացման գործով:

Օրեր առաջ Ոստիկանության քննչական վարչությունում խարդախության և չհրամանագրված աշխատակիցներ ունենալու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել դատական դեպարտամենտի մի քանի  աշխատակիցների՝  տարբեր դատարաններում դատական կարգադրիչների ստորաբաժանումների  պետերի դեմ:

Նրանք մեղադրվում են որպես դատական կարգադրիչ ձևակերպված, սակայն աշխատանքի չներկայացող անձանց  աշխատավարձերը յուրացնելու մեջ:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք,  ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները:

Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը»  գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ: 

Այս դեպքն  իսկապես շարքայիններից չէ, ավելին` օրեցօր նոր ու  ավելի հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս: Չի բացառվում, որ խոսքը հսկայական գումարների հափշտակման  մասին է: Հնարավոր է  նաև, որ այս դեպքը չարաշահումների առումով ավելի աղմկահարույց լինի, քան  սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործը. խոշոր չափի յուրացումների մասով «անարդարությունները» կատարվել են արդարադատության ոլորտում, ինչը խոսուն փաստ է պետական համակարգում ատկատների ծաղկման ու ֆինանսական նմանատիպ  չարաշահումների առումով:

ASEKOSE.am-ի տեղեկություններով` մեղադրվող  անձանց նկատմամբ նախապես  որպես խափանման միջոց`  ընտրվել է գրավը,  սակայն ինչ-ինչ պատճառներով այն հանվել է:

Մեր աղբյուրների փոխացմամբ`  նշված անձանցից  մեկը դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի տեղակալն է, և այս պահին գտնվում է փախուստի մեջ:

ASEKOSE.am-ի թղթակիցն` ունեցած տեղեկությունները ճշտելու համար փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 

ՀՀ ոստիկանության ուղղված  մեր գրավոր հարցման  պատասխանը ստանալուն պես` այն կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее