ASEKOSE.am-ի տեղեկություններով` Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ 42-ամյա Արման Դալլաքյանն օրեր շարունակ անօգնական վիճակում է գտնվել: Ըստ մեր տեղեկությունների` շուրջ 10 օր դատապարտյալն անտարբերության է մատնված եղել, իսկ դեռևս չպարզված, ըստ մեր աղբյուրի` անբուժելի հիվանդությունը նրան ի սպառ հյուծել է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին վերջինիս տեղափոխել են 3-րդ կլինիկական հիվանդանոց և անմիջապես էլ ետ վերադարձրել:
ASEKOSE.am-ի թղթակիցը պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքել է տեղեկությունը` մասնավորապես ասելով.
«Դատապարտյալը նման խնդիր չունի, նրա մոտ առկա է աչքի խնդիր` վերին կոպի ֆլեգմոնա: Այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Պրոֆեսոր է հրավիրվել, վիրահատվել է, այս պահին բուժումն ընթացքի մեջ է»: