Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր որոշեց մերժել Հասմիկ Սարգսյանի պաշտպաների կողմից ներկայացված բողոքը: Նշենք, որ որոշման հրապարակմանը ոչ մեղադրող դատախազն էր ներկա, ոչ էլ՝ պաշտպանական կողմը: Նշենք որ պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է Հասմիկ Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ`Վ.Մուրադյանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումները:

Հիմնականում իրավապաշտպանները նշում են, թե արդարացի չէ սոցիալապես վատ պայմաններում ապրող ու իր խնամքի տակ 3 անչափահաս երեխաներ ունեցող կնոջը 10.000 դրամ գողանալու համար այդքան խիստ ու անհամաչափ պատժի դատապարտել: Ավելին՝ ինչպես Հասմիկ Սարգսյանը, այնպես էլ իրավապաշտպանները պնդում են, թե գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000: Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:
Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել եւ դատարանների կողմից սահմանվել է փորձաշրջան:


