Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի նախօրեին ասուլիսում արտահայտած մտքերին նշեց, որ Դավիթ Շահնազարյանը ստանձնել է հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը:

Դիտարկմանը, որ Շահնազարյանը մասնավորապես, հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խոսել կոռուպցիայի դեմ պայքարից, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ՝ նկատի ունենալով 35 հազար դոլարի գրանտ շահելու պատմությունը, Արարատ Միրզոյանն ասաց.
«Ես մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի ցուցակում է եւ հիմա էլ տարակուսանք եմ ապրում տեսնելով, թե երբեմնի ընդդիմադիր, քաղհալածյալի ու ընդդիմադիրի դրոշ ծածանած մարդը ինչ ջերմեռանդությամբ է ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Ավել մեկնաբանություններ թերեւս թույլ չտամ, բայց ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձեւակերպումը աղերս չունի ճշմարտության ու ազնվության հետ: Ավելին ասեմ, գիտակցված սխալ կողմը պաշտպանելն է, ինչը երեւի ավելի վատ է, քան չգիտակցված սխալ անելը»:


