Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի երրորդ քառօրյան:
Մտքերի փոխանակության ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով ռուսական ԱԱԾ-ի կողմից վերջերս հայ -իրանական սահմանին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ կատարված դեպքին` ԱԺ նախագահին հարցրել է, թե ի՞նչ հիմքով են ՀՀ տարածքում նման գործառույթներ իրականացրել` խոչընդոտելով ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժը.
«Խնդիրը ՀՀ ինքնիշխանության մասին է, կարո՞ղ է հայտնի պիեսի տրամաբանությամբ ՀՀ-ն անկախ չէ, չեք ասում»,-հարցրեց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան հարցին` Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ կա նամակ ռուսական սահմանապանհների ղեկավարից, որին պարզապես պետք է ծանոթանալ և պատգամավորի ներկայացրածն իրականությանը չի համապատասխանում, քանի որ այնտեղ եղել են նաև ՀՀ ոստիկանությունից:
Իսկ երբ երրորդ անգամ պատգամավորը նույն հարցն ուղղեց Աբրահամյանին, նա կատակով պատասխանեց. «Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում, ես Ձեր մասին շատ լավ կարծիք ունեմ, որ ամեն ինչ ընկալում եք: Օրենքը չի խախտվել՝ իմ կարծիքով, եթե Ձեր տեսակետը այլ լինի` նամակն ընթերցելուց հետո, կքննարկենք»,-ապա Հովիկ Աբրահամյանը` հեգնելով Փաշինյանին. «Դե դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում որ»:
Անի Կարապետյան