Կենդանիների պաշտպանության Դինգո թիմն արձագանքում է հերթական բարբարոսության մասին:
«Այսօր, 4 ականատեսի աչքի առաջ Դիլիջան Գետափում (որն այսուհետ հայտնվեց մեր հուսանք բոլոր կենդանասերների սև ցուցակում) կրակել են այնտեղ բնակվող նկարի միջի շանը (շանը նկարել են կրակելուց մոտ 15 րոպե առաջ):

Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը. «Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու իիենց առանձին քոթեջում....լսեցինք կրակոց ու շան կաղկանձ.. խեղճս մի կերպ փախավ մտավ առաջին պատահած մեքենայի տակ.. հետևից մի խումբ տղամարդիկ տիրի հրացանով վազեցին ու կրակեցին.. մենք էդ առաջին կրակոցից վազեինք դուրս . Ամուսինս գոռաց հետևներից, որ ինչ են անում. Որ կանգ առնեն. Բայց հնչեց երկրորդ կրակոցը. Ես ինչքան կոկորդումս ուժ ունեի գոռգոռոցդ քցեցի, շատ հուզված էի..»:
Ականատեսները ահազանգել են ոստիկանություն: Սակայն սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը տալիս է պատասխան, որ օրենքը դեռ ուժի մեջ չէ: Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա արդյոք օրենքը գործում է այս պահին թե ոչ, քանի որ արդեն 3-րդ անգամն է, որ առնչվում ենք նման խնդրի հետ:
Նշենք, որ ռեստորանի սեփականատերը՝ Աղաջանյան Սուրիկը, ով ըստ ականատեսի, կրակել է շան վրա, նաև Դիլիջանի Ազգային Պարկի տնօրենն է»,-նշված է Դինգո թիմի ֆեյսբուքյան էջում:
Ավելի ուշ, Դինգո թիմը նաև հետևյալի մասին է տեղեկացրել. «Քիչ առաջ խոսեցինք Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգյանի հետ և ստացանք մի ֆանտաստիկ պատասխան. «հա դե եթե իրա սեփական անասուննա եղել, ինչ կա դրա մեջ»:
ՆՇԵՆՔ, որ անկախ նրանից կենդանին սեփական է թե պետական, կենդանիների ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ արգելվում է օրենքով և նախատեսում համապատասխան պատիժ և օրենքի մեջ որևէ կերպ չի մասնավորեցվում կենդանու սեփական կամ ոչ սեփական լինելը»:


