Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, հակահայ գործունեություն ծավալող Յուսուֆ Հալաչօղլուն հայտնել է, որ «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչ Էրհան Թունջելը հայ է: Գրում է ermenihaber.am-ը:
Ըստ Հալաչօղլուի՝ Էրհան Թունջելը, ով ձերբակալվել էր Օգյուն Սամասթի (Դինքի մարդասպանը-խմբ.) անմիջական հրահանգիչը լինելու կասկածանքով, ծնվել է Էլյազըղի Թեմթե գյուղում և ծագումով հայ է:
«Բոլորը պետք է հաշվի առնեն, որ մի հայի սպանության գործում իրականում մեկ այլ հայ է ներգրավված: Այժմ չեմ ասում, թե սա ինչ իմաստ ունի, սակայն այս հանգամանքը պետք է լրջորեն քննել: Այսինքն, պետք է լավ գնահատել, թե ո՞վքեր են Սամասթին ուղղորդել, ո՞վքեր են կանգնած գործի հետևում»,- Հալաչօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը: