▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվանագիտությունն ինչ է, այդպես էլ չունեցանք

Պատմության հոլովույթում միշտ կաղել ու մինչ օրս էլ կաղում ենք դիվանագիտության մեջ: Մեր ռազմական ձախողումները, քաղաքական հարթակներում թերացումերը միշտ վերագրել ենք ճակատագրին, մինչդեռ իրական մեղավորը մեր անարդարացի, միօրինակ անտարբերությունն է:

Ահա և հերթականը. օրեր առաջ, երբ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ֆրանսիայում էր, թուրքական <Aksam> թերթը ուշագրավ մի նյութ հրապարակեց, ըստ որի, նախագահ Էրդողանը, մասնակցելով համայնքների ղեկավարների 29-րդ ժողովին, պատռեց իր ու Թուրքիայի դիմակը: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, տարածաշրջանային խնդիրներին և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Էրդողանը հետևյալ համեմատականն էր անցկացրել.

«Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում: Նույնը նաև Սիրիայի, Իրաքի, Հյուսիային Աֆրիկայի և ընդհանրապես Աֆրիկա մայրցամաքի դեպքում կարելի է ասել: Մեր բեռը ծանր է...»:

Թուրքիայի մեղիքի բեռը շատ ավելի ծանր է, քան Էրդողանը կարծում է: Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմին անհերքելի իրողություն է հայ և միջազգային իրազեկ հասարակության համար, նրա կողմից մինչ օրս Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունից զատ, թուրք և այլազգի վարձկանների տրամադրումը, ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների ռազմական պատրաստվածության հնարավորությունը թուրքական զինված ուժերում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրության լարման ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին անթաքույց սատարելու պատրաստակամությունը և այսպես՝ շարունակ...

Հայաստանը բազմաթիվ անհերքելի ապացույցներ ունի, որոնք հաստատում են Թուրքիայի մասնակցությունը Արցախյան պատերազմին, ինչն իր շարունակությունն ունի մինչ օրս:

Սա բացառիկ իրողությունը է, այնքանով, որ նախագահ Էրդողանն անձամբ է խոստովանում իր երկրի մասնակցության փաստն Արցախյան պատերազմում, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում, Հյուսիային Աֆրիկայում: Գոնե վերջին հարյուրամյակում պատմությունը նման դեպք չի արձանագրել, երբ երկրի նախագահը հանրության առաջ խոստովանում իր հանցանքը: Ուստի, պետք չէ անուշադրության մատնել: Միայն Էրդողանի այս հայտարարությամբ կարելի է նրան ու իր երկրին միջազգային դատարանի առջև կանգնեցնել, մեղադրելով՝ պատերազմի հանցագործության մեջ:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության կեցվածքին հարիր դիվանագիտական, խորհրդավոր լռությունն արդեն քանի օր է այդ պես էլ խաղտող չեղավ: Միամտություն էր կարծելը, թե մինչ նախարար Նալբանդյանի վերադարձը տեղակալները կիրազեկեին վերադասին և ՀՀ ԱԳՆ-ի կողմից ձևական մի հայտարությամբ հանդես կգային: Դա էլ չարեցին: Ուստի, ավելորդ է խոսել Էրդողանին պատերազմի հանցագործության մեջ մեղադրելու պահանջով Հայաստանի կողմից Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնելու հավանականության մասին:

Մերձավոր Արևելքում պատերազմական ծայրահեղ ծանր իրավիճակը ո՛չ Սիրիային և ո՛չ էլ Իրաքին Թուրքիայի և, մասնավորապես, Էրդողանի դեմ Միջազգային դատական հայց ներկայանցնելու հնարավորություն առայժմ չի տալիս, իսկ Հյուսիային Աֆրիկայի երկրները դեռ երկար կլռեն:

Իսկ մեր լռությունն իրոք անտանելի է: Գալո՞ւ է այն օրը, երբ մեր միտքը, ժամանակն ու պետական միջոցները ծառայեն ի շահ մեր ժողովրդի, հանուն մեր ազգային արժանապատվության: Բավական չէ՞ մեր հազարամյա պատմությունն ու մշակույթը խեղված դիվանագիտությամբ քարշ տանք Արևմուտքի ու Արևելքի եսակենտրոն ու ապազգային հարթակներում:

Ինչ ասպարեզ ուզում է լինի՝ արձակված փամփուշտից հետո պետք չէ լալագին հառաչել, տեղին և  ժամանակին հակազդել է հարկավոր, իսկ վրիպելը հակացուցված է  դիվանագետին:

                                                                                                                             Ջեմմա Բաղդադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее