▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժգոհությունները անցումային հասարակություններում առաջացնում են «ճեղքեր»

Հայաստանում ձևավորված սոցիալ-քաղաքական իրականությունը հասարակական շարժերը հասցրել են մեծ տեմպերի, չափերի ու նոր որակի: Մարդիկ այլևս չեն կարողանում անտարբեր անցնել սեփական խնդիրների նկատմամբ և դարձել են պահանջատեր: Հանտինգտոնը նշում էր, որ «ինֆորմացված ու տեխնոլոգիապես լավ պատրաստված երիտասարդության դժգոհությունները անցումային հասարակություններում առաջացնում են «ճեղքեր»»: Թե ինչպես են լցվում այդ ճեղքերը, ժամանակի հարց է: Սովորաբար գործում է 2 սցենար.

1. կամ այդ «ճեղքերը» լցվում են համակարգապահպան կամ համակարգակործան տարրերով՝ կախված մի շարք հանգամանքներից

2. կամ այդ «ճեղքերը» խորանում են՝ վերջնականապես կործանելով համակարգը:

Ընդ որում, այդ «ճեղքերը» կարող են առաջանալ առանց քաղաքական ուժերի ուղղորդման, որովհետև հասարակությունը բավական հասուն է սեփական պահանջմունքների արտահայտման համար: Իսկ ինչ է ենթադրում մասնակցային այսպիսի մոդելը: Սոցիալ-տնտեսական խորացող խնդիրնեը, դրանց սթափ գնահատման և լուծումների առաջադրման իշխանության անկարողությունը կամ անգործությունը ստիպում են լավ պատրաստված հասարակությանն ակտիվանալ և առաջադրել լուծումների սեփական եղանակներ: Օգտագործելով ընդդիմության կողմից ուղղորդվող ակցիաների դեմ պայքարի հարուստ փորձը՝ հայաստանյան իշխանությունը կարողանում էր կեղծ թիրախների ընտրությամբ, մանիպուլյատիվ հնարքների միջոցով շեղել հանրային ուշադրությունը, փոշիացնել զանգվածային մոբիլիզացիան և ձաղողման մղել շարժումները, իսկ այդ ձախողման պատասխանատվությունն ինքնաբերաբար ընկնում էր նաև ընդդիմության վրա: Սակայն, առանց քաղաքական ուժերի կազմակերպման ու ուղղորդման մասնակցային գործընթացները, որոնք այժմ ընթանում են մեր քաղաքական համակարգում, ստեղծել են ներհամակարգային հարաբերությունների նոր մշակույթ, ինչն իշխանության համար անակնկալ էր, և վերջինս չգիտի ինչպես վարվել դրա հետ: Խորանում է նրա առանց այն էլ ոչ ադեկվատությունը իրականության նկատմամբ: Հիմա իշխանությունը հայտնվել է շատ բարդ իրավիճակում. հասարակական պահանջմունքների չբավարարման դեպքում պատասխանատուն ինքն է, իսկ բավարարման դեպքում չկա երաշխիք, որ չի դրսևորվելու պահանջմունքների արտահայտման ձնագնդի էֆեկտը: Օպտիմալ լուծումներ գտնելու մեխանիզմի բացակայությունը, տնտեսության վատթար վիճակը, անարդարության մթնոլորտը քաղաքական անորոշությունը կազմալուծել են համակարգի ճկունությունը, մղել իներցիոն գործառնականության: Այսպիսով առկա է դիլեմա իշխանության համար. կամ կազմաքանդել օլիգարխիական և մոնոպոլիստական համակարգը՝ ըստ էության թուլացնելով սեփական դիրքերը հանուն հանրային շահի ամրապնդման, կամ էլ ուժեղացնել ռեպրեսիվ գործիքակազմը: Վերջինս միշտ ավելի թանկ «հաճույք» է և հղի է վերը նշված «ճեղքերի» խորացման վտանգով: Այս իրավիճակի հիմնական պատասխանատուն իշխանությունն է, ուստի դրա համար հիմնական պատասխանատվությունն էլ պետք է կրի հենց իշխանությունը:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее