Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն գործող իշխանության անքակտելի մասն է: Նրան կարելի է հանդիպել իշխանության, մասնավորապես Հանրապետական կուսակցության գրեթե բոլոր միջոցառումներին, կուսակցական համագումարներին, բացառությամբ գործադիր մարմնի նիստերից նա ամենուր լինում է: Այստեղ դեռ չի գալիս: Գաղտնիք չէ, որ, քաղաքական հետաքրքրություններից բացի, հոգևոր հովիվն ապրում է աշխարհիկ իշխանությանը հատուկ վայելքներով:
Նա էլ, ինչպես բարձրագույն պաշտոնյաներն ու օլիգարխները, ունի աշխարհիկ գանձեր: Իսկ ի՞նչ իրավիճակ է հովվի հոգում, կա՞ն արդյոք այնտեղ գանձեր, «Հրապարակ»-ը փորձել է պարզել երեկ Հաղթանակի զբոսայգում, երբ տոնի առթիվ վետերանների ու Հովիկ Աբրահամյանի հետ նա ստիպված էր ճաշակել աղքատների կերակուր:
- Սրբազան, մեր երկրում տիրող վիճակը՝ արտագաղթը, կեղծված ընտրությունները Ձեզ՝ որպես հոգևոր հովվի , հուզո՞ւմ են:
- Ինձ էդպիսի հարցեր մի տուր՝ ընտրություններ և այլն…
- Երկրի վիճակը, արտագաղթը հուզո՞ւմ են:
- Երկրի վիճակը՝ ինչպես բոլոր մարդիկ, էնպես էլ՝ ես:
- Դուք ինչպե՞ս…
- Ինչպես դու ես անհանգստանում, էնպես էլ՝ ես:
- Սրբազան, Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց տպավորություն է, որ հոգևոր դասը քաղաքականության մաս է կազմում, քաղականացված է:
- Այդ տպավորությունը սխալ է…
- Պարբերաբար մամուլում գրվում է Ձեր ահռելի ունեցվածքի մասին, մինչդեռ ժողովուրդը…
- Ի՞նչ ունեցվածքի, ոսկիների՞:
- Օրինակ, թանկարժեք «Բենթլիի:
- Մեքենան ի՞նչ ա, դատարկություն, էդ իրանց համար գանձ ա, ինձ համար՝ սովորական բան:
- Եվ Դուք հոգևորական եք ու ունեք այդ սովորական բաները…
- Բայց ես հերքե՞լ եմ, որ ունեմ:
- Ձեզ որտեղի՞ց, նվե՞ր եք ստացել, գնե՞լ եք…
- Բայց ես դա չեմ հերքել, ես դա չեմ համարում գանձ, ովքեր ասում են գանձ, իրենց համար է գանձ, ինձ համար սովորական բան է:
- Իսկ Ձեր համար ի՞նչն է գանձ:
- Բայց ինչո՞ւ ես զարմացել, դա գա՞նձ ա…. Դե ուրեմն վերջացավ, սովորական բան ա:
- Ամեն դեպքում, աշխարհիկ գանձերը Ձեզ հետաքրքրում են, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներին, չէ՞…
- Ինձ մտահոգում է Ձեր այդպիսի մտածելակերպը:
- Իսկ ես ինչպե՞ս պետք է մտածեմ:
- Ուղիղ, անկեղծ:
- Ես անկեղծ մտածում եմ, որ մեր հոգևոր առաջնորդները հետաքրքրված են աշխարհիկ վայելքներով, շքեղ կյանքով, ձգտում են գանձերի, ինչպես մեր քաղաքական այրերը:
- Իսկ ես մտահոգված եմ, որ դու այդպես ես մտածում:
- Այդպես մտածում են բոլորը՝ տեսնելով Ձեր շքեղ «Բենթլին»:
- Ուրեմն դա Ձեր աշխարհայացքի աղքատությունն է, որ Դուք դա համարում եք գանձ, իսկ ես համարում եմ, որ դա ոչինչ է: Դուք ուզում եք ճանճից փիղ սարքեք:
- Արտագաղթը, օրինակ, Ձեզ մտահոգո՞ւմ է:
- Իսկ դու ցույց տուր մի մարդ, որն անհանգստացած չի:
- Այդ դեպքում ինչո՞ւ չեք հորդորում իշխանությանն այնպես աշխատել, որ չդատարկվի երկիրը:
- Էդ հարցով դիմիր պաշտոնյաներին, էսօր տոն ա, եկել ես, հարցազրույց ես անում… ավելի հետաքրքիր հարցեր չկա՞ն:
- Օրինակ, որո՞նք են հետաքրքիր հարցերը:
- Օրինակ, դու կարող ես ամուսնանալ, սիրել, երեխաներ ունենալ:
- Դա իմ անձնական կյանքն է, դրանից ես եմ օգտվում կամ տուժում, ժողովուրդը չի տուժում: Ձեզ մտահոգո՞ւմ է մեր ժողովրդի վիճակը:
- Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ, էդքան բան:
- Իսկ աղքատների խնդիրնե՞րը:
- Հոգով աղքատներինն ավելի ա հետաքրքրում, էս գրի ու ընդգծի:
- Մեր հոգևոր առաջնորդները հոգո՞վ են հարուստ, թե՞ ունեցվածքով:
- Հոգևոր աղքատությունն ինձ ավելի ա մտահոգում, քան նյութականը:
- Իսկ Դուք հոգո՞վ եք ավելի հարուստ, թե՞ ունեցվածքով:
- Բնականաբար, հոգով:
- Հոգով հարուստ լինել, ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում:
- Հոգևոր, բարոյական, իմացական արժեքների պատկանելն է նշանակում հոգով հարուստ մարդ:
- Այդպիսի քարոզներով դիմո՞ւմ եք մեր իշխանավորներին:
- Դա մարդկային հատկանիշ ա, իշխանավոր լինի, ոչ իշխանավոր, տարբերություն չկա, դա մարդու կերպարից ա գալիս, կապ չունի՝ իշխանություն ունի, թե չունի, անհատական է:
- Իսկ ովքե՞ր այսօր իշխանություն ունեն, սրբազան, հոգով հարուստնե՞րը, թե՞ աղքատները:
- Իրական իշխանությունը չի երևում ով ունի, որովհետև երկնքից ա, էդ պիտի էությամբ զգաս, ես նկատի չունեմ աթոռները… պետությունն ազգին է պատկանում:
- Իսկ ո՞վ է ղեկավարում պետությունը:
- Պետությունը ղեկավարում են ձեր ընտրած մարդիկ…
- Ասում են՝ ընտրությունը կեղծվել է:
- Արդեն մտնում ենք քաղաքական դաշտ, ես չեմ ուզում պատասխանել էդ հարցին՝ կեղծվել են, ո՞ւմ համար, ո՞նց…
ՀԳ - Ուշագրավն այն է, որ ցոփ ու շվայտ կյանքով ապրող հոգևոր հովվի իդեալը 5-րդ դարի եկեղեցում ճգնող հոգևորականությունն է: «5-րդ դարի հոգևորականությունն իմ իդեալն ա, գնացեք-տեսեք ինչպես է, ու ինձ կհասկանաք»,-դիմել է լրագրողին Կճոյանը: Հակադարձմանը, թե հիմա իրենց՝ հոգևոր այրերի հայացքներն ու ապրելակերպը ո՞ր դարին են համահունչ, ասել է. «Եթե կուզենաս՝ հիմա պրոբլեմների մեջ ա…. ազգն ա հոգևոր, հոգևորին ազգից տարանջատում եք…
Դուք ուզում եք ճանճից փիղ սարքեք. Նավասարդ Կճոյանն իր «Բենթլիի», հավատքի ու երկրի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet