ԱԺ-ում հայտարարությունների ժամին մի շարք պատգամավորներ անդրադարձան երեկ` ՌԴ նախագահ Վլ. Պուտինի Հայաստան այցին, քաղաքացիների ցույցին և ձերբակալություններին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ կատարվածը հասարակության մեջ ատելության հիմք հանդիսացավ:
Պատգամավորի խոսքով փակված ճանապարհները և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակը մեկ մտահոգության էր հանգեցրել, այն է` երբ է վերջապես Պուտինը լքելու Հայաստանը:
Շարունակելով թեման` Զարուհի Փոստանջյանն ասաց, թե զավեշտ է, երբ ՀՀ դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Վ. Պուտինի այցը ներկայացնել իբրև պետական այց այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց Գյումրիի ռազմաբազա.
«Այսօր Ռուսաստանի համար կարևոր է ձեռք բերել ու պահել իր զարգացման դրական դինամիկան և իրականացնել արդյունավետ պետական կառավարում ՌԴ-ի ներկայիս սահմաններում: Կայսերական նացիոնալիզմով և ռուսական շովինիզմով առաջնորդվողների համար նման նպատակի իրագործումը թվում է շատ համեստ ցանկություն, սակայն հենց այս հարցի լուծումից է կախված` արդյոք 10 տարի հետո ՌԴ-ն կլինի, թե ոչ, մինչդեռ այդ նպատակին հասնելն այսօր արդեն գրեթե անհնար է:
Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրական» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝ Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր»,-եզրափակեց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանին խոսքին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական հետընտրական զարգացումներից հետո մեկնեց ՌԴ:
«Դրա՞ համար էիք ձեր հաղթանակները գնացել Ռուսաստանից բերելու»,-նետեց Հ. Նաղդալյանը: