▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է՜, պարոն Սարգսյան, Ձեզ լսելուց հետո, շատ ավելի տխուր եզրակացություններ արեցի. Բախշյան

Aravot.am-ը հրապարակել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հոդվածը, որում նա անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը:

«Դուք շնորհակալություն եք հայտնում իրավապահ մարմիններին «գրագետ» աշխատանքի համար: Արդյոք որովհետև 2008-ի մարտի 1-ին, նախորդ նախագահի օրոք ունեցանք 10 զոհ ու դուք այդ պայմաններում դարձաք նախագահ, իսկ ձեր օրոք՝ 2:

Ասում եք. Խռովության հանգուցալուծման ճանապարհն ամենաընդունելին եք համարում ու այն վերագրում եք իրավապահների գրագիտությա՞նը, ում վայրենաբար օգտագործած պայթուցիկի պատճառով 17-ամյա տղան կորցրեց աչքը և անհամաչափ կիրառված գործողությունների պատճառով Սարի թաղում իրենց տանը նստած երևանցիներ վիրավորվեցին ու նրանց տները ավերվեցի՞ն: Ու ոստիկանությանը չեք մեղադրում այն բանում, որ ներքին գործերի զինանոցն այդպես անփույթ են վերահսկո՞ւմ և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվո՞ւմ: Ինչու՞ Սարի թաղի ժողովրդից ներողություն չեք խնդրում:

Անհասկանալի, չէ, սխալ եմ ասում, լիովին հասկանալի հանդուրժողականություն: Այս որակի իրավապահներն են ձեր բռնապետական իշխանության հենարանը:

Ներողություն եք խնդրում լրագրողների՞ց ու խոստանում, որ այլևս նման բան չի կրկնվի՞, բայց ուղիղ մեկ տարի առաջ Էլեկտրիկ շարժման ժամանակ էլի նրանց նկատմամբ նույն վայրագությամբ հարձակվեցին իրավապահ կոչվածները, ո՛չ մի վայրենի իրավապահ չպատժվեց այն դեպքում, երբ լրատվությունը ողողված էր փաստերով: Հետևաբար ոչ մի երաշխիք չունենք, որ ձեր այս խոսքերն արժեք ունեն: Ասում եք՝ մի՛ հիշեք, մոռացե՛ք, որովհետև ինքներդ միշտ մոռանում եք, չեք հիշում նույնիսկ ձեր ասածները, օրինակ՝ «գլխից պետք է բռնել», այնինչ զինված խռովության տղաների կոչը հենց դա էր:

Իրենց քաղաքական տարբեր հայացքների համար, «Զանգվածային անկարգությունների կազմակերպիչ ու մասնակից» որակավորումներով 2 ամսով կալանավորվել են 8 երիտասարդներ, ովքեր քաղաքականապես հասուն և գրագետ անձինք են, նրանցից երկուսը երևանցիների կողմից ընտրված Երևանի ավագանու անդամներ են, ովքեր ամեն ինչով տարբերվում են ձերոնցից, նրանք երևանցիների ձայները չեն գնել:

Բա ասում եք անձնական վրեժխնդրությունից վե՞ր եք կանգնելու:

Նախորդ ելույթում ասացիք. «Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»: Այս անգամ էլ չանդրադարձաք այս ողբերգության պատճառներին ու քաղած դասերին, որոնց մասին աղաղակում է մեր ժողովրդի 90 տոկոսը , այդպես էլ՝ չե՛ք լսում, չե՛ք խոսում դրանց մասին, որովհետև այդ աստիճան չեք կարող անկեղծանալ ու ոչ միայն լրագրողներից, այլ նաև ժողովրդից ներողություն խնդրել: Չունե՛ք քաջություն խոստովանելու, որ կամ իրականությունից եք անտեղյակ կամ այսքանի եք ընդունակ: Եթե այդ քաջությունն ունենայիք, իսկապես հրաժարական կտայիք:

Ասում եք ամեն մարդ իր արածի համար պետք է օրենքի առաջ պատասխան տա, բայց այս խոսքերը շատ ենք լսել ու անցած 8 տարում դեռ չենք հիշում մի դեպք, երբ իշխանության պաշտոնյաներից որևէ մեկը օրենքի առաջ ու օրենքով պատասխան տա, իսկ ընդդիմության պարագայում՝ չեղած դաժանության օրենքն էլ է գործում:

Այնինչ շեշտում եք, որ «մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած»: Ի՞նչը ուժեղացրեց մեր պետությունը, կարո՞ղ է անցած 2 շաբաթվա ընթացքում արդար ընտրությունների միջոցով արհեստավարժ, գրագետ ու կրթված պատգամավորներով բազմակուսակցական խորհրդարան, տեղական ինքնակառավարման մարմիններ ենք ձևավորել, Արցախի հարցում հայանպաստ փաստաթուղթ է ստորագրվել, թե՞ տնտեսական նկատելի առաջընթաց ենք ունեցել:

Ասելով հո չի՞, Ժողովրդական խոսքն ասում է. «շաքար ասելով, բերանդ չի քաղցրանա»:

Այսինքն` խրախուսում եք այս ճանապարհով պետությանն ուժեղացնելու տարբերա՞կը, աբսուրդ է ձեր ասածը, որովհետև ինքներդ էլ համոզված եք, որ այս ժողովրդական բողոքը ավելի քան թուլացրեց մեր պետությունը, իսկ թուլացումը սկսվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից, երբ որպես ՀՀ անվտանգության նախարար ահաբեկիչներից չպաշտպանեցիք Ազգային ժողովի շենքն ու նրանք գլխատեցին մեր պետությունը և հրաժարական էլ չտվեցիք: Գուցե խորհուրդ կտաք այդ օ՞րն էլ մոռանալ:

Մենք չափազանց թուլացանք նաև ընտրությունների քարոզարշավի ժամանակ ձեր ոչ ժողովրդավար էությունը փաստող ՝«որքան ուզենք՝ կխփենք» արտահայտությունից: Ո՞րն ասեմ, ո՞րը՝ թողեմ:

Հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее