Amerikayidzayn.com-ը գրել է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Ժակ Ֆորին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, «հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման հեռանկարների շուրջ»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ հունվարի 24-ին ունեցած հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները շեշտել էին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցային գործընթացը և նվազեցնում խաղաղության հաստատելու հեռանկարները, և հորդորել բոլոր կողմերին հետևել զինադադարի մասին համաձայնությանն ամբողջությամբ և առանց նախապայմանների:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին անցյալ շաբաթ նշել էր, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:
«Մենք, առանց աղմուկ բարձրացնելու, աշխատում ենք Կիպրոսի խնդրի վրա: Դուք այդ մասին չեք լսում: Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Կովկասում», - ասել էր Միացյալ Նահանգների արտգործնախարարը՝ Մյունխենում անցկացված անվտանգության համաժողովի ընթացքում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը՝ amerikayidzayn.com