Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել հետընտրական զարգացումների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է.
«Հետեւելով հետընտրական զարգացումներին եւ դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին` հարկ ենք համարում նշել հետեւյալը:
Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ եւ քաղաքակիրթ կազմակերպման եւ իրականացման:
Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաեւ այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ եւ անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին եւ անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:
Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի եւ կոչ ուղղում առաջնորդվել եղբայրասիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության եւ ատելության դրսեւորումներից:
Հորդորում ենք նաեւ Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»: