▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին երբեք չի եղել քաղաքական պայքարի կողմ, «բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը

Վերջին շրջանում հաճախակի դարձած պնդումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականացվածության» վերաբերյալ բացարձակապես չեն արտացոլում իրականությունը և նպատակ ունեն խեղաթյուրելու Նրա դարավոր առաքելությունը, գրել է Արթուր սարկավագ Գևորգյանը։

Նա նշել է. «Եկեղեցին երբեք չի եղել և չէ քաղաքական պայքարի կողմ։ Նրա հոգեփրկչական առաքելությունը չի առնչվում աշխարհիկ իշխանության ձեռքբերմանը, այլ ուղղված է ժողովրդի հոգևոր առաջնորդությանը, ազգային արժեքների անաղարտությանը և ինքնության պաշտպանությանը։ Սակայն, երբ վտանգվում են պետականության հիմքերը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի նկարագիրը, կրթական արժեհամակարգն ու ազգային միասնությունը, Եկեղեցին չի կարող լռել։ Այդ ձայնը ոչ թե քաղաքական միջամտություն է, այլ հովվական պարտականություն և սրբազան ուխտ՝ բխող մեր հայրերի հավատքից։

Այսօր ակնհայտ է դառնում մեկ այլ վտանգավոր միտում. «բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը՝ թուլացնելով Նրա ձայնը և մեկուսացնելով հասարակական կյանքից։ Այն, ինչ ներկայացվում է որպես առաջընթաց, իրականում սպառնալիք է մեր ինքնությանը։

Ավելին, նկատելի է տրամաբանական խոր հակասություն․ մի կողմից հնչում են Եկեղեցին և պետությունը տարանջատելու կոչեր, մյուս կողմից՝ նույն շրջանակները փորձում են Եկեղեցին արհեստականորեն ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՝ Նրան վերագրելով քաղաքական դերակատարի կարգավիճակ։ Սա միտումնավոր ապատեղեկատվություն է, որի նպատակն է նսեմացնել Եկեղեցու հեղինակությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդդիմություն չէ, իշխանություն չէ։ Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է և հավատքի անսասան պահապանը։ Նրա խոսքը պայքար չէ ընդդեմ, այլ վկայություն է հանուն Ճշմարտության, հանուն հաստատուն պետականության և ժողովրդի լուսավոր ապագայի։

Չնայած առաքելությունը խաթարելու բոլոր փորձերին՝ Հայ Եկեղեցին շարունակելու է իր ընթացքը՝ կանգնած իր հավատավոր զավակների կողքին, զորացնելով նրանց փորձությունների մեջ և անխաթար պահելով մեր ազգային-հոգևոր էությունը։

Ի Փառս Աստուծո»։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее