«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ կայքն օրերս հաղորդեց, որ հուլիսի 14-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգը մեկն է՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, բացառությամբ երկու պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի եւ Թագուհի Թովմասյանի, պատգամավորական մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Թեմայի շուրջ զրուցել ենք«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գնաց այդ քայլին:
- Իսկ ի՞նչն էր խանգարում Փաշինյանին չգնալ այդ քայլին, եթե նա եւ իր ուսապարկերն ամեն օր իրենց ոտքերը սրբել են Սահմանադրության վրա ու շարունակում են սրբել: Ինչո՞ւ պիտի եւս մեկ հակասահմանադրական ակտ Նիկոլը չանի: Մեկ րոպե անգամ չկասկածեք, որ եթե վաղն Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշում կայացվի՝ դիմել Սահմանադրական դատարան՝ պատգամավորներին մանդատներից զրկելու պահանջով, ապա Նիկոլի գրպանային Սահմանադրական դատարանը շատ արագ կվավերացնի խորհրդի որոշումը, եւ խորհրդարանական խմբակցությունների՝ այս պահին մանդատ ունեցող պատգամավորները, բացառությամբ իշխանության հետ համագործակցողներից, կզրկվեն պատգամավորական մանդատներից: Սա կատարյալ հակասահմանադրական քայլ է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ նախատեսում է, թե որ դեպքերում պատգամավորը կարող է զրկվել մանդատից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի եւ մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիի բացակայելու դեպքում: Լավագույն դեպքում ԱԺ խորհուրդը կարող էր դնել մի քանի պատգամավորների հարցով, ովքեր մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայել են: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հայտարարելով՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, եւ քանի որ Փաշինյանն առանց որեւէ դիմադրության անում է այն, ինչ ուզում է, վստահ եղեք, որ հերթական հակասահմանադրական ակտն ինքը կկատարի, եւ միջազգային հանրությունը ծպտուն անգամ չի հանի, որովհետեւ ես ավելի քան համոզված եմ, որ այս սահմանադրական ակտը ճշտված եւ համաձայնեցված է արեւմտյան դեսպանատների հետ:
- Իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ ընդդիմությունն ինքը կանխեր եւ վայր դներ մանդատները:
- Իհարկե, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը թույլ չտար, որ իրենց զրկեին մանդատից, եւ ինքն աներ այդ քայլը, բայց այստեղ խնդիրներ կան, եւ խնդիրներից հիմնականն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը վստահություն չունի, որ ցուցակի հաջորդիվ եկողները չեն լինի թագուհիթովմասյաններ եւ իշխանզաքարյաններ եւ չեն պահպանի պատգամավորական իրենց մանդատները՝ այսպիսով երրորդ անգամ լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանին։ Ես որոշակի վստահություն ունեմ, որ եթե ընդդիմությունը կայացնի որոշում՝ դնել մանդատները՝ մինչ սահմանադրական այդ անբարո ակտը, ՀՀԿ-ի դեպքում ցուցակի հաջորդիվ պատգամավորները կդնեն, որովհետեւ իրենց ցուցակը հստակ քաղաքական ցուցակ է, ցուցակի հաջորդ համարները ՀՀԿ երիտթեեւի եւ ՀՀԿ անդամներ են, որոնք, բնականաբար, կենթարկվեն մեկ կուսակցական որոշմանը: Բայց սա էլ վստահ պնդում չէ, իսկ մնացյալի դեպքում շատ մեծ է ռիսկը, որ ցուցակի հաջորդ համարները կպահեն պատգամավորական մանդատները եւ վայր չեն դնի:
- Ընդդիմության մեջ կարծիք կա, որ եթե իրենք գնան նման քայլի, եւ բոլորը՝ ցուցակի հաջորդներն էլ դնեն մանդատները, ապա իրենք հնարավորություն կտան, որ խորհրդարան գան հինգ տոկոս շեմը չհաղթած քաղաքական ուժերը:
- Չգիտեմ, թե որ ընդդիմադիրն է նման բան ասել, եւ որ իրավաբանն է նման տխմարագույն եզրակացություն տվել ընդդիմությանը: Հայաստանի սահմանադրության, օրենսդրության, ԱԺ կանոնակարգի մեջ չկա որեւէ կետ, որ խորհրդարան անցած խմբակցությունների ամբողջ համամասնական ցուցակը մանդատը դնելուց հետո խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը հնարավորություն ունենան անցնելու: Դրա համար պիտի փոխվի Սահմանադրությունը: Ուստի կարծում եմ, որ դա հիմնավոր արգումենտացիա չէ: Բայց ես նորից եմ կրկնում՝ հասկանում եմ ընդդիմությանը:
Նիկոլը հերթական անգամ, որպես կլասիկ մանիպուլյատոր, գնդակը նետեց ընդդիմության դաշտը, եւ, ինչպես ասել է Ալեն Սիմոնյանը՝ կա՛մ խելոք կգաք կնստեք եւ կքվեարկեք սնդիկի մասին կամ ջրաչափի մասին օրենքը, կա՛մ ես բոլորիդ կզրկեմ պատգամավորական մանդատից, ինչը հակասահմանադրական հերթական խայտառակ քայլը կլինի: Բայց քանի որ Նիկոլի իշխանությունը մարսել է իր եւ իր ուսապարկերի արած բոլոր հակասահմանադրական քայլերը, մենք տեսել ենք, թե խորհրդարանում ինչպես է բռնաբարվել ՀՀ սահմանադրությունը, ի՞նչը պիտի խանգարի, կամ ո՞վ պետք է խանգարի Փաշինյանին եւս մեկ անգամ հրապարակային իր ուսապարկերի հետ միասին բռնաբարել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Ես չեմ բացառում, որ սա հերթական գործիքն է Նիկոլի՝ ընդդիմությանը դարձնելու, իր պատկերացմամբ, ձեռնասուն, այսինքն՝ հարցը կուղարկվի Սահմանադրական դատարան, որին էլ կհանձնարարվի որոշակի ժամանակ ձգել հարցի քննարկումը, եւ, կախված ընդդիմության պահելաձեւից, Նիկոլը հրահանգ կտա Սահմանադրական դատարանին՝ զրկել մանդատներից:
Ամեն դեպքում սա կարթ էր, որ Նիկոլը գցեց: Նիկոլին հեռացնելու համար խորհրդարանական ընդդիմությունը որեւէ գործիք չունի, եւ պատգամավորական մանդատը որպես գործիք ոչինչ է Նիկոլին հեռացնելու համար: Ես չեմ բացառում, որ Նիկոլը կընտրի նաեւ ամենաստորագույն տարբերակներից մեկը՝ 10-15 պատգամավորի, ովքեր ունեն առավելագույն բացականեր, եւ որոնց մեջ մտնում են առավել ակտիվ ընդդիմադիրները, նրանց կզրկեն, իսկ մյուսներին կբաշխեն մանդատը՝ դրանով իսկ հերթական պառակտում մտցնելով ընդդիմադիր շարքերում>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում