«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՊՀ-ում եւ Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում՝ կաշառքի գործով:
Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկան Հայկ Սարգսյանի ձերբակալությունից:
ԵՊՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանին մեկ ամիս ժամանակ էր մնացել պաշտոնավարելու. առաջիկայում նոր դեկանի ընտրություններ պետք է լինեին:
Վերջինս նախապես տեղյակ է եղել, որ իր վերաբերյալ համալսարանից տեղեկություններ են փոխանցում իրավապահ մարմիններին, ու շուտով գալու են իր «հետեւից», ուստի որոշել է նախապես իր անունը մաքրելու համար չառաջադրվել դեկանի նոր ընտրություններին եւ հնարավորինս շուտ հեռանալ ԵՊՀ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի:
Ինչպես ասում են, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հայկ Սարգսյանը չհասցրեց հեռանալ բուհից, այլ ձերբակալվեց։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համալսարանում ձերբակալություններն այսքանով չեն սահմանափակվում. առաջիկայում ԵՊՀ-ում եւ այլ համալսարաններում, հնարավոր է, կաշառքի գործով դեկաններ եւ դասախոսներ ձերբակալվեն»: