▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն. Հայկ Մարության

 

Մայրաքաղաքի երթևեկությունը թեթեւացնելու նպատակով քաղաքապետարանն Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:

Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանները:

«Ցավոք սրտի, եթե մենք հյուսիսից հարավ ենք գալիս կամ արևմուտքից արևելք, բոլոր ճանապարհներն անցնում են Երևանի միջով: Նպատակն այն է, որ արդեն այն մեքենաները, որոնք անցնում են Երևանով, բայց իրենց նպատակը քաղաք հասնելը չէ, ունենան ալտերնատիվ ճանապարհներ և չմտնեն կենտրոն: Սա շատ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի զարգացման, այլ ընդհանրապես Հայաստանի ճանապարհների և տնտեսության զարգացման համար»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի եթևեկությունը թեթեւացնելու նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ հնարավորություն տալով այցելել Կոտայքի մարզ:

«Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարենք և հասկանանք, թե այդ ճաապարհների կառուցումը տնտեսապես ինչ շահավետությամբ կաշխատի, հանրապետական ու միջպետական նշանակության, որ ճանապարհներն են, որ պետք է վերանորոգվեն և որպես ընդհանուր ծրագրի մաս կարողանանք Երևանի բեռնաթափման ծրագիր մշակել»,- նշել է նախարարը:

Առաջիկայում ճանապարհաշինական վերոնշյալ նախագծերի մասով կներկայացվեն կոնկրետ գնահատակններ, ինչն էլ հնարավարություն կտա ըստ առաջնահերթության կյանքի կոչել ծրագրերը: Քննարկվող տարբերակների համաձայն, նոր ճանապարհահատվածները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին, կունենան երթևեկելի մի քանի գոտիներ, կամրջային կառուցվածք:

Քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее