▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձավ Աբովյան 5 հասցեում՝ «Մոսկվա» կինաթատրոնի դիմաց կառուցված շինությանը։ Լրագրողներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տրամադրած փաստաթղթի համաձայն՝ կառուցապատողներն են  «Մուլտի Գրուպ» Կոնցեռն, «Ա․Ա․Դ․ Հոթել» ընկերությունները և Դավիթ Մանթաշյանը։

Հակոբ Կարապետյանն ասաց, որ գոյություն ունի երկու տեսակի փաստաթուղթ․ առաջին՝ նախագծման թույլտվություն, ճարտարապետահատակագծային առաջադրանք կամ «մասնագիտական ժարգոնով ասած»՝ ԱՊԶ, երկրորդ՝ շինարարական թույլտվություն։ Խոսնակն ասաց, որ նախագծման թույլտվությունը քաղաքային իշխանության համաձայնությունն է, իսկ շինարարություն սկսելու համար անհրաժեշտ է շինթույլտվություն, սակայն լրագրողներին այսօր պատգամավորը ցույց է տվել առաջինը։

«Տարոն Մարգարյանը 2018 թվականի փետրվարի 16-ին տվել է տվյալ հատվածում «Մուլտի Գրուպ» ընկերությանը շինարարության թույլտվություն, դրանից հետո շինարարության թույլտվություն չի տվել»,- նշեց Կարապետյանը։

Մամուլի խոսնակն ասաց, որ նույն թվականի փետրվարի 19-ին վարչական վարույթ է ընդունել մի քաղաքացու հայցն ընդդեմ կառուցապատողների, և այդ վարույթն ընդունելու պահից շինարարության թույլտվությունը կասեցվել է, բայց կառուցապատողները փորձել են շրջանցել կարգը և իրականացրել են կառուցապատում․

«2018 թվականին հունիս-հուլիս ամիսներին, երբ խառն իրավիճակի ընկալում կար, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր»։

2018 թվականին, քաղաքապետարանի մամուլի խոսնակի փոխանցմամբ, կառուցապատողները երկու անգամ տուգանվել են այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք՝ 200 հազար և 2 միլիոն դրամներով, իսկ երկրորդ տուգանքից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին։ 

«Այստեղ մենք ունենք 2018 թվականի փետրվարին տրված շինթույլտվությունը, որը կասեցված է։ Չունենք որևէ այլ թույլտվություն, որն իրավական հիմք կտար մեր գործընկերներին շինարարություն իրականացնել այնտեղ»,- ընդգծեց նա։

Երեկ Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ հրավիրել է Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների հյուրանոցային ցանցերից մեկի սեփականատիրոջը Հայաստանում ներդրում կատարելու համար, սակայն նրանց չէր հաջողվել։ Ըստ «Կենտրոն» հեռուստաընկերության երեկվա հաղորդման՝ «Եվրոմոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Ջաբեր Ալմարզուկին ասել էր, որ իրեն զանգահարել է Հայաստան եկած Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյան կարևոր հարցով, որն անմիջականորեն նաև հանդիպմանն է վերաբերել։

«Քաղաքապետից ներողություն խնդրեցի, որ տասը վայրկյանով պատասխանեմ, ասեմ, որ հանդիպման եմ և պատասխանեցի զանգին։ Դրանից հետո քաղաքապետն ասաց՝ «Աննպատակ եմ համարում մեր հանդիպումը շարունակելը»։ Շատ անքաղաքավարի կերպով կոպտեց մեզ։ Ասաց, որ չի կարելի հանդիպման ժամանակ հեռախոսով խոսել»,- ասել էր Ալմարզուկին։

Անդրադառնալով հանդիպմանը՝ Կարապետյանն ասաց, որ եթե շեյխերի երկրում պաշտոնական հանդիպումների ժամանակ զրուցում են հեռախոսով կամ այլ բաներով են զբաղվում, իրենց գործն է։ 

«Հայաստանի Հանրապետությունում գործում են ՀՀ արարողակարգը և կանոնները, և պետք է հարգել ՀՀ պետական ինստիտուտները։ Այստեղ անձանց հարց չէ։ Անկախ նրանից, թե քաղաքապետի անունն ինչ կլինի, պետք է հարգել պետական ինստիտուտները և պետք է հարգել կանոնները։ Ընդ որում՝ դիտողությունը պահվածքի համեմատ եղել է բավական մեղմ, քաղաքավարի։ Եվ այնուհանդերձ նշվել է, որ այդքանից հետո քաղաքապետը պատրաստ է ընդունել ներդրումային առաջարկները»,- եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее