
Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։ Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ բլոգերը ինստագրամյան իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։
«ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայանացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– նշել են ՔԿ–ից։
Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Պիրոժկովայի էջից կարելի է ենթադրել, որ նա Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։
Աղբյուրն՝ այստեղ


