▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ միջադեպ է տեղի ունեցել Պարազյանի եւ Կարապետյանի առերեսման ժամանակ. առերեսումն ընդհատվել է

Երեկ Քննչական կոմիտեում միջադեպ է տեղի ունեցել առերեսման հրավիրված գործարարներ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի եւ Վահե Պարազյանի միջեւ։

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ այս մասին զրույցում հայտնել է Վահե Պարազյանը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել քննիչի ներկայությամբ՝ հենց այն սենյակում, որտեղ պետք է առերեսում իրականացվեր․ «Ես Նարեկ Կարապետյանին երեկ առաջին անգամ տեսել եմ քննիչի սենյակում։ Ներս մտա, բոլորը նստած էին, ժպիտով բարեւեցի, Նարեկ Կարապետյանն ասաց՝ «շատ ինքնավստահ ես քեզ զգում», ես էլ ասացի՝ ինձ միշտ եմ ինքնավստահ զգում։ Նա հարձակվեց, եւ հարվածեց՝ շատ վատ հայհոյանքներ հնչեցնելով, որից հետո փաստաբանները իրեն պահեցին, ես էլ իր հայհոյանքներին պատասխան տվեցի, ինչից հետո ինքն ազատվեց փաստաբաններից, էլի ինձ խփեց»,- պատմեց Պարազյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ քննիչն իրեն ու Նարեկ Կարապետյանին տարբեր սենյակներ է տարել, իսկ առերեսումը ընդհատվել է: «Այդ ամենից հետո իջա դուրս, Կարապետյանի ախրանան ձգված էր, սկսեցին ասել սենց-կլինի, նենց կլինի, քննիչն ու փաստաբանն ինձ ուղեկցեցին մինչեւ մեքենաս, որ ես այդ ամբոխի միջով կարողանամ անցնել»,- նշեց Պարազյանը։

Վերջինս զրույցում ասել է, թե սա առաջին դեպքը չէ, երբ իրավիճակն առերեսման ժամանակ լարվում է։ Նախորդ անգամ էլ, ըստ մեր զրուցակցի, գործով մյուս մեղադրյալ Տիգրան Ասլանյանն է սադրել, հայհոյանքներ հնչեցրել։ «Երկրորդ անգամ առերեսման անհրաժեշտությունը նրա վերաբերյալ էր, որ կա տեսագրություն, որտեղ երեւում է՝ Նարեկ Կարապետյանն ինձ ծեծի է ենթարկում Ալեք Մանուկյան փողոցի վրա, բայց նա իր մեղքը չի ընդունում։ Բացի այդ, ես ասել էի, որ նա ինձ մեկ անգամ է հարվածել, բայց տեսանյութում երեւում է, որ մի անգամ չէ»,- պարզաբանեց Վահե Պարազյանը։ Միջադեպն արձանագրվել է ե՛ւ փաստաբանների, ե՛ւ քննիչի կողմից։ Վահե Պարազյանն ասաց, թե իր փաստաբանը պատրաստվում է վաղը Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել. «Պարզ է, որ Կարապետյանը չի դրսեւորում վարքագիծ, որը պետք է լիներ ստորագրությամբ ազատության մեջ գտնվելու պարագայում: Երեկ երեկոյան ես նաեւ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քննիչն ընդունել է, հիմա ստուգումներ է անցկացնում»։

Նարեկ Կարապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը, սակայն զրույցում հերքել է, որ երեկ ՔԿ-ում այդպիսի միջադեպ է տեղի ունեցել․ «Իմ վստահորդ Նարեկ Կարապետյանը Վահե Պարազյանին չի հարվածել»,- պնդեց պաշտպանը։ Մակինյանը մեր այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ չի ցանկանում հավելյալ մեկնաբանություններ ներկայացնել․ «Չէի ցանկանա մեկնաբանել նաեւ Վահե Պարազյանի ասածները»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее