Իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ ժամանակի արագությունը փոխվել է: Սերժ Սարգսյանն այդպես էլ չհասկացավ, որ Հրանուշ Հակոբյանի ժամանակը մնացել է հեռվում, որ Սովետի տարիները վաղուց անցել են, որ ուրիշ ժամանակում ենք ապրում, որ բաց թողնված հնարավորությունը, միայն իր բաց թողած հնարավորությունը չէ, որ այդ ժամանակը մեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետության ժամանակն է: Իսկ մենք՝ Հայաստանի Հանարպետության քաղաքացիներս, չենք կարող հանդուրժել հերթական կորսված ժամանակ դաջելը մեր պատմությանը:
Սերժ Սարգսյանը հիմա էլ մեզ պարտադրում է Հովիկ Աբրահամյանին: Եւ իրեն թվում է, որ Հովիկ Աբրահամյանն է վարչապետի պաշտոնի բոլորիս համար ընդունելի տարբերակը, համանայնդեպս, այդպես ասում է: Ես իմ շրջպատում չեմ գտել մեկին, ում համար Հովիկ Աբրահամյանն ընդունելի տարբերակ լինել: Հակառակ բազմաթիվ փաստարակներ ես լսել եմ, իսկ ինքս համոզված եմ՝ Հովիկ Աբրահամյանը պետությունը կործանելու ուղիղ ճանապարհն է. նշանակում է դնել վերջակետ: Չգիտեմ քաղաքական ուժերն ինչ համաձայանության են եկել, դա ինձ, բնավ, չի հետաքրքրում: Իսկ Կարեն Կարապետյանին դնել ԱԺ-ի նախագահ միայն նրա համար, որ նա ունի միլիարդատեր եղբայր, ընդամենն ինքնասպանության առաջարկի է նման:
Պարոնայք, դուք թերագնահատում եք երիտասարդությանը, որքան էլ ձեզ հույս տաք, որ նրանց թիվը փոքր է, ինքնախաբեություն է: Չարաչար սխալվում եք: Դուք ուզում եք, որ մենք հլու-հնազանդ ապրենք երկրում, որտեղ իմ երկրի որոշումները պիտի կայացնի Հովիկ Աբրահամյանը: Դուք գիտեք, թե նա ինչպես է կուտակել իր կարողությունը՝ հարյուրավոր միլիոները նա ինչպես է ձեռք բերել:
Դուք մտածում եք, որ այս հարցը ոչ ոք չի՞ դնելու այսօր եւ վաղը: Դուք կարծում եք, որ ոչ ոք չգիտի, թե ինչպես է բնակչության քառասուն տոկոսը դարձել աղքատ: Ձեր, ձեր հարազատների, ձեր զոքանչների ու աներձագերի, ընկերների ու խնամիների անուններով ձեր ունեցվածքը գրանցելով կամ ռուսական բանկերում ու օֆշորներում պահելով՝ կարծում եք դարձրել եք աներեւո՞ւյթ:
Դուք իսկապե՞ ս մտածում եք, որ հնարավոր չի լինելու ազգայնացնել ձեր կողոպտածը, որի դիմաց բնակչության քառասուն տոկոսը դարձել է աղքատ: Նորից սխալվում եք: Ամեն ինչ այնքան սրընթաց է լինելու, որ չեք հասցնելու նույնիսկ անակնկալի գալ:
Իսկ մենք երկիրը տանուլ տալու մասին չենք մտածում, շատ բարձր գին ենք վճարել այս երկրի համար: