Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող չինովնիկների ցուցակների հարցը, որ սկիզբ էր առել դեռ 2005թ.-ից, վերջին շրջանում կրկին արդիական է դարձել: Երբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվեց նրա Աժ մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկեց ինչ-որ ցուցակների մասին: ճիշտ է, այդ ակնարկն այլ ուղղվածություն ստացավ և քննարկումներն ընթացան իշխանությունների ունեցվածքի վերաբերյալ ցուցակների մասին: Բայց, ըստ իշխանական կուլիսներում ընթացող քննարկումների, կան նաև «երկնագույնների» մասին ցուցակներ:
Ի դեպ, հիշեցնենք, որ Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը ժամանակին հայտարարել էր, թե հրապարակելու է իշխանության մեջ գտնվող «երկնագույն» չինովնիկների ցուցակը, սակայն ձերբակալվեց: Հետո` 2006թ. երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը իր մոտ եղած պաշտոնյաների երեք ցուցակներից մեկը տվել է իրեն, իսկ երկուսը` Իսագուլյանին, որպեսզի վերջինս այդ ցուցակները փոխանցի Ռոբերտ Քոչարյանին ու այդ օրերին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Իսկ Գ. Իսագուլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այդ երկու ցուցակներից մեկը ինքը տվել է Ս. Սարգսյանին, իսկ Ռ. Քոչարյանին հասանելիք ցուցակը մնացել է իր մոտ:
«Ժողովուրդ»-ն Իսագուլյանից փորձեց պարզել, թե որտեղ է գտնվում «երկնագույնների» ցուցակը: Սակայն նա կտրականապես հրաժարվեց խոսել այդ մասին: Հիշեցնենք, որ Ա. Մարգարյանի վարչապետության օրոք նրա մամլո խոսնակը Մերի Հարությունյանն էր, ումից էլ թերթը փորձեց տեղեկանալ «առեղծվածային» ցուցակների մասին: Սակայն Մ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի այդ ցուցակների վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` դրանցում ներառված անձնավորությունները մինչև այսօր շարունակում են պաշտոնավարել: