▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրում 40 տոկոսանոց ստվեր կա, չեք խոսում դրա մասին.Արամ Մանուկյանը՝ Ֆինանսների նախարարին

ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, նշեց. «Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Ներկայացնում եք գյուղի, դպրոցի թվեր: Ախր, բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, քաղաքական լուծումներ պետք է առաջակի, իսկ դուք տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում՝ կոռուպցիա, մենաշնորհ...

Ո՞րն է ձեր կոնցեպտը, չկա այն: Դուք ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարություններից: Չէ՞ որ իրավիճակը ճգնաժամային է, ո՞րն է ձեր տարբերությունը նախորդ կառավարությունից: Հիվանդ տնտեսության դեղատոմսը բերե՞լ եք»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայնվեց, որ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, բայց գործիք էլ է. «Ձեր նշած խնդիրների մասին մենք ներկայացել ենք մեր մոտեցումները: Օրինակ՝ կոռուպցիայի մասին արտացոլված է Կառավարության մեր ծրագրի  մակրո հատվածում: Օրինակ՝ տեղադրել ենք տեղեկատվական համակարգեր, որ մարդը մարդու հետ չշփվի: Կոռուպցիան ծնվում է այնտեղ, որտեղ մարդը թղթերը դնում է թեւի տակ ու գնում է չինովնիկի մոտ, իսկ նա ասում է՝ քո կյանքը այնքան վատ է, որ պետք է այս-այն անել: Մեկ այլ օրինակ բերեմ՝ լիցենզիաներն ամբողջությամբ պետք է էլեկտրոնային դառնան, ու սա կոռուպցիային դեմ ուղղված քայլ է: Բյուջեն նաեւ սոցիալական պարտավորություն է: Ես վստահ եմ՝ մենք հաջողություն ենք ունենալու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերով»:

Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով. «Այն, ինչ ասում եք, դրանք անհրաժեշտ են: Սակայն դուք մեր հիվանդ տնտեսությանը նայում եք որպես երկար՝ 50 տարվա բուժվող համակարգ, ու նրան տալիս եք մրսածության դեղեր, իսկ համակարգը փտախտի մեջ է, քայքայվում է ուղղակի: Էդ ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս: Երկրում 40 տոկոսանոց ստվեր կա, դրա մասին բացարձակ չեք խոսում: Ձեր քայլերը լինելով ճիշտ, ադեկվատ չեն մեր տնտեսությանը. պետք են ռադիկալ քայլեր»:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իր ներկայացրած 101 առաջարկից միայն 6-7-ն է ընդունվել բյուջեի նախագծում. «Այո, Արամ Մանուկյանը ճիշտ է՝ դուք մրսած եք, ու տնտեսության մեջ ոչ թե մրսածության դեղեր պետք է տալ, այլ պետք են դեղեր, որ կկայունացնեն տնտեսությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее