Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետխաղայաին մամուլի ասուլիսը․
— Օզբիլիսը, Կորյանը և Սիմոնյանը փոխարինման մտան և սրեցին խաղը։ Միաժամանակ կային խաղացողներ, ովքեր հոգնել էին։ Ինչու՞ նրանց փոփոխությունները ուշացան։
— Փոփոխությունները կատարեցի ճիշտ ժամանակին, իսկ այն ֆուտբոլիստները, ովքեր հոգնեցին, ահռելի աշխատանք էին կատարել և պարզ է, որ պիտի հոգնեին։
— Այսօր պաշտպանությունում լավ փոխօգնություն կար։ Դուք էլ եղել եք մեր եզրային լավագույն պաշտպաններից մեկը։ Ինչու՞ է մեր եզրային պաշտպանների խաղը կաղում։
— Շատ դժվար է յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ անհատական աշխատանք կատարել, քանի որ նրանք ընդամենը 3-4 օրով են լինում մեր տրամադրության տակ։ Պաշտպանները նախևառաջ պետք է իրենց գործը կատարեն, և եթե մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր չունեցանք, ապա նրանք լավ են խաղացել։ Ես գոհ եմ մեր պաշտպաններից։
— Մի քանի դրվագներում դարպասապահը և պաշտպանները իրար չէին հասկանում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
— Ես չէի ասի, որ դա լավ համագործակցություն չէր։ Այնքան շատ էր հաղթելու ցանկությունը, որ չէին ուզում իրար զիջել։ Ես առհասարակ փորձում եմ տեսնել դրականը խաղի մեջ։
— Ասացիք, որ թիմը գերազանց է խաղացել, բայց հաղթանակ այդպես էլ չունենք։ Միևնույն ժամանակ ձեր գլխավորությամբ հավաքականը առաջին միավորը վաստակեց։
— Խաղ կար, պահեր կար, բայց գոլ չխփեցինք։ Կարող էինք նաև պարտվել։ Ես մեր թիմի խաղի առաջընթացն եմ տեսնում։ Սա ֆուտբոլ է, և ոչ մեկ չի կարող գուշակել, թե ինչ կլինի։ Նրանք անմնացորդ նվիրվեցին խաղին, և ես նրանց շնորհակալ եմ։
— Հետևելով խաղի ընթացքին` այս հաշվից գո՞հ եք։
— Իհարկե։ Եթե հիշենք այն պահերը, որոնք ունեցանք, կարող էինք հաղթել։ Բայց ես կրկնում եմ, ես գոհ եմ տղաներից։ Բոլորն էլ մարդ են, էմոցիաների տակ կարող են վրիպել։ Դուք նայում եք միավորներին, իսկ ես դա այնքան էլ չեմ կարևորում այս փուլում։ Ինձ գոհացնում է տղաների տրամադրությունը, ինքնավստահությունը, խաղը։ Շուտով կգան նաև հաղթանակները։
- Մեր թիմը միակն է խմբում, որը չունի հաղթանակ։ Առջևում աշխարհի առաջնության ընտրական փուլն է։ Ինչ եք կարծում, ի՞նչ է պետք փոխել թիմի խաղում։
— Պետք է ավելի ագրեսիվ գործել։ Այդ դեպքում կլինեն պահեր։ Եթե մենք խաղը տանում ենք պաշտպանություն, դրա մեջ վտանգավոր բաներ էլ կան, բայց առջում ունենք տեխնիկապես ուժեղ և արագ ֆուտբոլիստներ։ Պետք է դա օգտագործել։ Կարծում եմ` պետք է աշխատել պահերի իրացման վրա։ Կրկնում եմ` այսպիսի խաղով կարող էինք նաև պարտվել։ Սա ֆուտբոլ է, որը գեղեցիկ է հենց դրանով։
— Ի՞նչպես եք վերաբերում այն կարծիքին, որ Մովսիսյանը կարող է գործել եզրերում։
— Իհարկե, Յուրան եզրերում շատ օգուտ կտա։ Նա տեխնիկապես և ֆիզիկապես շատ լավ է պատրաստված։ Այսօր էլ նա շատ լավ խաղաց հենց այդտեղ։ Այո, կարծում եմ, նա պետք է խաղա եզրում, բայց այդ դեպքում ո՞վ պետք է գոլ խփի։ Այսօր ես շատ գոհ եմ Յուրայից, նա շատ լավ և գեղեցիկ ֆուտբոլ խաղաց։
— Երեկ նշեցիք, որ ժամանակավոր պաշտոնակատարն եք։ Դուք ձեզ տեսնու՞մ եք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
— Ցանկացած մարզչի երազանքն է լինել իր ազգային հավաքականի մարզիչը։ Ինչո՞ւ ես չպիտի տեսնեմ, երբ ակնհայտ է թիմի խաղի որակի բարձրացումը, արդեն կա արդյունք։ Ցանկացած թիմ կարող է պարտվել, մենք տեսանք Հոլանդիայի կարգի հավաքականի խոշոր հաշվով պարտությունը։ Դա չի նշանակում որ ամեն ինչ վատ է։ Ես ինձ այդտեղ տեսնում եմ, որովհետև տղաներին ես եմ հասկանում, իմ ասածը նրանք են հասկանում։ Դա շատ կարևոր է հավաքականի մարզչի համար։ Բայց կրկնում են, դա իմ որոշումը չէ, դա ֆեդերացիայի նախագահի՝ պարոն Հայրապետյանի որոշումն է։ Չեմ ստի և կասեմ, որ այո, ցանկանում եմ։
— Այսօր, ի տարբերություն Սերբիայի հետ խաղի, խաղային կարգապահությունը շատ բարձր մակարդակի վրա էր։ Ինչի՞ հաշվին այսպես ստացվեց։
— Դա կախված է և մրցակցից, և մեզնից։ Անցած խաղում միգուցե թերագնահատեցինք հակառակորդին, որից օգտվեց Սերբիայի հավաքականը և պատժեց մեզ։ Կային ֆուտբոլիստներ, ում խաղը չստացվեց։ Ես կարծում եմ, որ դա նորմալ երևույթ է։