Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվում է 2013 թվականը: Այն հեշտ տարի չէր մեր պետականության և հասարակության համար: Տարվա ընթացքում տեղի ունեցած նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները ցավալիորեն չբարձրացրեցին հանրության վստահության աստիճանը ընտրական և պետական իշխանության համակարգերի նկատմամբ:
Դժգոհության և հուսահատության այդ միջավայրում հանրությունը դեռ պետք է առնչվեր երկրի ներքին կյանքին վերաբերող Երևանի հասարակական տրանսպորտի գնի բարձրացման հայտարարությանն ու որոշման կայացմանը, գազի և էլեկտրաէներգիայի իրողություն դարձած սակագների աճին, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 2014 թվականից ներդնելու իշխանության կարծրացած վարքագծի դրսևորմանը, բազմազավակ հայորդու, արցախյան հերոսի, համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանությանը, բազմաթիվ հանցագործությունների, իսկ տարվա ավարտին՝ նաև Հայաստանի անունից որևէ ողջամիտ բացատրություն չունեցող «ՀայՌուսգազարդի» քսան տոկոսը կազմող բաժնետոմսերի անտրամաբանական առուվաճառքի պայմանագրով համաժողովրդական սեփականության օտարմանը, մի քանի հարյուր միլիոն դոլարների երկրի պարտքի առաջացմանը և էլի մի շարք մեծ ու փոքր բացասական դրսևորումների:
Եթե մեկ տարվա ընթացքում կատարված այս ամենը դիտարկենք նաև հանրության ու պետության շարունակվող սոցիալ-տնտեսական համատարած աղքատացման, ստի ու կեղծիքի տարածման գործելաոճի, արդարության (արդարարադատության) ու ապագայի նկատմամբ վստահության բացակայությամբ ուղեկցվող զանգվածային արտագաղթի լույսի ներքո, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ որևէ այլ երկում նմանատիպ իրավիճակը հավանաբար կհանգեցներ հանրության դիմադրողականության (իմունային համակարգի) և պետականության վերջնական կործանման:
Սակայն մեր հանրության մեջ առկա պայքարի ոգին, չընկճվելու վճռականությունը, սեփական ուժերի նկատմամբ հավաքական հույսն ու հավատը թույլ են տալիս հաստատելու, որ մենք արժանի ենք ավելի լավ կյանքի, ավելի համերաշխ հասարակության, ավելի արդար պետության:
Անցնող տարվա ընթացքում մենք փորձեցինք երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին բարձրաձայնել, կազմակերպվել ու համատեղ պայքարով առաջարկել համալիր ծրագրեր (արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագիր, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու առաջարկներ, անբարենպաստ օրենքները փոփոխելու օրենսդրական առաջարկներ և այլն), որոնք ցավալիորեն չգիտակցվեցին ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակական-քաղաքական դաշտի շատ մասնակիցների կողմից:
Ասվածը ամենևին չի նշանակում, որ ես անցնող տարվա մեջ միայն բացասականն եմ տեսնում, ոչ, եղան նաև դրական քայլեր, օրինակ համաներումը: Սակայն ինձ ավելի շատ ոգևորում է հանրության մի ստվար հատվածի կամքը պայքարելու արժանապատիվ կյանք ձևավորելու հարցում:
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի ներդրման դեմ ձևավորված և դեռ ընդլայնվող շարժումը վստահաբար լինելու է մեր երկրում իրական փոփոխություններ բերող հասարակական-քաղաքական շարժումը:
Իսկապես հիանալ ու հպարտանալ է պետք այն մարդկացով, հատկապես երիտասարդներով, ովքեր սկզբունքային պայքար են մղում պարտադրվող այս համակարգի դեմ: Դեռ հազարավոր քաղաքացիներ էլ, չկարողանալով դուրս գալ փողոց, օրինակ տասնյակ հազարավոր քաղաքացիական, պետական և համայնքային ու հանրային այլ ծառայողներ, ամբողջությամբ կիսում են ակտիվ պայքարողների տեսակետները:
Սա լավ առիթ է մեր պայքարը հավատով, վստահությամբ և սիրով մինչև վերջ տանելու համար:
Ի դեպ, դրա լավագույն օրինակներից մեկն էլ Անալիտիկ կենտրոնի կողմից կազմակերպված լավագույն պատգամավորի քվեարկությունն էր: Ես գիտեմ, որ այդ քվեարկության արդյունքով ինձ կողմ քվեարկած հազարավոր ձայների մեծագույն մասը պատկանում է հենց այս պայքարի ջատագովներին, ում էլ ես նվիրում եմ լավագույնը լինելու մրցանակը:
Դուք բոլորդ, սիրելի ընկերներ, լավագույն եք, և այդ մրցանակը Ձեզանից յուրաքանչյուրինն է:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Անալիտիկ կենտրոնին՝ օբյեկտիվ կեցվածքի համար, Ձեզանից յուրաքանչյուրին այդ քվեարկությանը ակտիվ մասնակցելու համար և արձանագրում, որ եթե մենք նույն վճռականությամբ շարունակենք պայքարը, կունենանք նաև մեր ցանկալի արդյունքը:
Մեր առջև դեռ Սահմանադրական դատարունում դատաքննությունն է, որի հաջողությունը նաև մեծապես կապված է հասարակության պայքարի պատրաստվածության աստիճանից: Մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել այս պայքարի դրական ելքին, միայն թե դրա համար պետք է պատրաստակամ լինի: Ես պատրաստ եմ և գնալու եմ մինչև վերջ:
Գուցե շատ երկարեց խոսքս, բայց վստահ եմ, որ հաջորդ տարում մենք կարող ենք միասին արձանագրել երկրի կյանքում դրական փոփոխություններ և հիմք դնել արժանապատիվ ապրելու համակարգի ձևավորմանը:
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, պետությանս արժանապատվություն, յուրաքանչյուրիդ առողջություն, հույս, հավատ, սեր և վճռականություն եմ մաղթում:
Հարգանքով՝ Արծվիկ Մինասյան