Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը:
Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի Հանրապետության հետ հարաբերությունների ակտիվացմանը:
Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության հնարավորությունների, փոխճանաչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Որպես հեռանկարային ուղղություններ նշվել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որտեղ երկու երկրներն ունեն փոխգործակցության զարգացման մեծ ներուժը:

«Ես շատ հաճելի առավոտ ունեցա՝ հանդիպելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք խոսել ենք այն ոլորտների մասին, որտեղ Գանան և Հայաստանը կարող են համագործակցել: Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում: Քանի որ մեր ներկայիս կառավարության կարևոր առաջնահերթություններից գյուղատնտեսության ինդուստրալացումն է:
Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով. «Տնկել հանուն սննդի և աշխատանքի»: Սա այն ոլորտն է, որտեղ, հավատացած եմ, Հայաստանն ունի մեծ թվով փորձագետներ, երկիրը եվրասիական տարածաշրջանի մաս է: Եթե կառավարությունը կարողանա արտադրել ու արտահանել, Հայաստանի միջոցով ողջ եվրասիական շուկան բաց կլինի մեզ համար:
Մենք խոսեցինք այստեղ՝ Հայաստանում ամուր բանկային համակարգի մասին: Դուք ունեք այնպիսի բանկեր, ինչպիսինն է HSBC-ն, որը գործունեություն է ծավալում այստեղ:
Հնարավորություններ կան նաև գործել ՏՏ ոլորտում: Հավատացած եմ՝ սա այն ոլորտն է, որտեղ Հայաստանը շատ հետաքրքրված է, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Բոլորս համակարծիք ենք, որ գալիք 20-25 տարիների ընթացքում աշխարհի զգալի մասը կիրառելու է արհեստական բանականությունը:
Դուք ունեք զարգացած կրթական համակարգ: Մենք խոսեցինք այն մասին, որ նախկինում դուք բուժքույրեր եք ուղարկել Գանա: Այսինքն, մենք կարող ենք համագործակցել կրթական ոլորտում ևս:
Սա ամփոփումն է այն թեմաների, որոնք քննարկել ենք՝ հույս ունենալով, որ երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն: Ակնկալում ենք նաև, որ նախագահական մակարդակով երկկողմ փոխայցեր կիրականացվեն՝ Հայաստանի նախագահը կայցելի Գանա և Գանայի նախագահը կայցելի Հայաստան»,-իր հարցազրույցում ասել է Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն:


