vivaronews.am-ը գրում է. Վանաձորում այսօր տեղի ունեցած ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է ագզային ընտրանու նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նշանակման մասին:
«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը կանգ է առել Արթուր Պետրոսյանի վրա, որովհետև նա ունի PRO կարգ ու մարզչական փորձ:
Արթուր Պետրոսյանին առաջարկեցի 4 տարվա պայմանագիր կնքել, սակայն նա պնդեց 2 տարվա համաձայնագիր ստորագրել և ասաց, որ ԱԱ ընտրական փուլից հետո կվերանայենք պայմանագիրը»:
Ռ. Հայրապետյանը նաև անդրադարձել է Հայաստանի հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Ռոբերտ Արզումանյանին ու ընդգծել, որ իր որոշումը չի փոխվել այս խնդրով:
«Այն ֆուտբոլիստները, որոնք կխախտեն հավաքականի կարգը, կվնասեն թիմին, այլևս չեն հրավիրվի: Նրանք չեն հրավիրվի իմ անձնական ցանկությամբ: Բացի նրանցից, հավաքականի մարզիչը կհրավիրի բոլոր նրանց, ում տվյալ պահին կհամարի օգտակար: Հայաստանի հավաքական չեն հրավիրվի Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը: Ինչքան էլ մարզիչը ցանկանա հրավիրել նրանց, ես թույլ չեմ տա»,-ավելացրել է ՀՖՖ նախագահը: