Շատերը տեղյակ չեն, թե երեկ իրականում ինչ տեղի ունեցավ: Խոսելով երեկվա դեպքերի մասին` այսօր լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշել է, որ նախապես որոշված ծրագիրը փոխվել է. «Ժամը 18-ին տեղի չունեցավ հանրահավաք, որովհետև ժողովուրդը պահանջեց երթ, և հերթական անգամ ստեղծելով փակուղի՝ ժողովրդի մի հատվածին վերցրեցին փակուղու մեջ»,–նշել է նա:
Նա հավաստիացրել է, որ երեկ «Ազատության» հրապարակում ժողովրդի մեջ մտցվել էին սադրիչներ, որոնք փորձում էին արագ փոփոխություններ ցանկացող հատվածին ներարկել՝ գնալ արյունահեղության. « Ակնհայտ էր, որ այդ մարդիկ ուղղարկված էին ժողովրդի տարբեր հատվածներին ուղղորդելու»,-հավելել է նա։
Ս. Սաֆարյանի խոսքերով` հասարակության մեջ կային մարդիկ, որոնք անկեղծորեն չէին տեսնում հեղափոխություն անելու այլ ճանապարհ, բայց նրանք տարբերվում են այն մարդկանցից, ովքեր փորձում էին ուղղորդել։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ապացուցեց, որ այդ ճանապարհը, որը հուշվում էր սադրիչների կողմից, ուղղակի փակուղի է։
Ստյոպա Սաֆարյանը չի կարծում նաև, որ երեկ տեղի ունեցածը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ։
Անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի երեկվա քայլերին՝ Ս. Սաֆարյանն ասաց, որ վերջինս ժողովրդին չի թողել Բաղրամյան պողոտայում, ուղղակի մի հատվածը չի լսել նրա հայտարարությունը, մի հատվածն էլ ցանկացել է մնալ այդտեղ։