azatutyun.am-ը գրում է, որ Հայաստանում մտահոգված են Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարի հայտարարությամբ, որում նա անդրադարձել էր հայոց լեզվի խնդրին: Մասնավորապես, նա ասել է, թե «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը»:
Անդրեյ Բելյանինովը ՄՄ-ի մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստի ժամանակ նաև ընդգծել է, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»:
Ռուսաստանի գլխավոր մաքսավորի այս խոսքերը վրդովեցրել են ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխող Հանրապետականին: Ազգային ժողովի կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում Բելյանինովի այս հայտարարությունը անընդունելի է համարել:
«Կարծում եմ, որ Մաքսային միության կառուցումը Բաբելոնյան աշտարակաշինությունը չէ, որ մենք միմյանց չհասկանանք, առավել ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը հրաշալի տիրապետում է ռուսերենին, այնպես որ մաքսակետերում նման հարցեր ուղղակի չեն կարող առաջանալ»,- ասել է Դավթյանը։
Թե ինչու է ռուս պաշտոնյան իրեն թույլ տալիս նման անընդունելի հայտարարություններ անել, կրթության հանձնաժողովի նախագահի համոզմամբ, դա թերևս ավելի շատ էթիկայի խնդիր է: Ամեն դեպքում հանրապետական պատգամավորը համոզված է՝ հայոց լեզուն Հայաստանում չի զիջի իր դիրքերը ռուսերենին:
«Ընդհակառակը, նման անհաջող հայտարարություններ ավելի շատ են մեր մեջ ամրապնդում այն միտքը, որ հայերենը Հայաստանում այլընտրանք չունեցող լեզու է»,- ասել է Դավթյանը։
Մինչդեռ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խորը կասկածներ ունի, որ Մաքսային միության շրջանակներում ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում ռուսերենը դառնա պետական լեզու: Մարտիրոսյանը պատահական չի համարում, որ Հայաստանի կառավարությունը, օրենքը խախտելով, Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը հաստատեց ռուսերեն լեզվով, հետո նոր այն թարգմանվեց հայերեն:
«Եթե այս մեթոդաբանությամբ, այս ձևով շարժվեն իշխանությունները, բնականաբար, ռուսերենը կհամարեն պետական լեզու, և բոլոր հիմքերը ստեղծում են իրենք այդ ամենի համար։ Ուստի ես մտավախություն ունեմ, որ կարճ ժամանակ հետո մենք կունենանք մի իրավիճակ, երբ հայերենը կլինի երկրորդական լեզու»,- կարծիք է հայտնել Մարտիրոսյանը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում