Այսօր, Մեդիա կենտրոնում, «արցախցիների բնակարանային խնդիրները» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ Գեղամ Միքայելյանն իր խոսքում տեղեկացրեց, որ երկու անգամ դիմել են Կառավարությանը՝ պետության կողմից բնակարանների համար տրամադրվող գումարի չափի խնդիրը քննարկելու համար։
Նրա փոխանցմամբ՝ նաև դիմել են, որպեսզի հանդիպեն սոց․ նախարարի տեղակալի հետ, սակայն, մինչ օրս, որևէ արձագանք չկա․
«Նրանք սոցցանցերում տարածում են, որ մարդկանց են հրավիրում քննարկումների, բայց մեզ չեն հրավիրել, այսինքն՝ ում ձեռնտու է եղել, նրա՞նց են հրավիրել։ Եվ ովքե՞ր են այդ հրավիրվածները եղել, արդյոք նրանք ներկայացնում են Արցախի ժողովրդի շահերը, արդյոք լիազորված են»,- նման հարցադրումներով հանդես եկավ Միքայելյանն ու թեմայի վերաբերյալ իր խոսքը շարունակելով նաև հավելեց, եթե չշարունակվեն արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրերը՝ կրկին տեղահանվելու մեծ ալիք ենք ունենալու․
«Մարդիկ, ներկա դրությամբ, տեղավորված են, շատերը ստիպված են Երևանում բնակվել, քանի որ աշխատանք այստեղ են գտել, նաև ուսանողներ ունենք․ սա շատ լուրջ հարց է։ Եթե բնակարանների տրամադրման այս ծրագիրը իրենք վերջնական գործի դնեն՝ մենք ունենալու ենք ավելի շատ Հայաստանը լքողներ»,- ասաց նա։